Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը մտահոգություն է փոխանցել, որ իշխանությունները միտք ունեն ազատ արձակելուց հետո իրեն այլևս կացության կարգավիճակ չտրամադրել և արտաքսել երկրից, ասված է Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության մեջ։
«Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ, օգտագործելով իրավական ու քաղաքական բոլոր միջոցները, հնարավոր ամեն ինչ կանի նման բան թույլ չտալու համար։ Սարգիս Հացպանյանն այն եզակի սփյուռքահայերից է, որ Հայրենիքի համար ամենածանր շրջանում իրեն անմնացորդ նվիրել է նրա պաշտպանության ու կառուցման գործին։ Նույնպիսի տոկունությամբ նա կրեց նաեւ քաղբանտարկյալի իր վիճակը՝ առանց երբեւէ հրաժարվելու իր սկզբունքներից։ Սարգիս Հացպանյանն իր կյանքով է վաստակել Հայրենիքում ապրելու իրավուքը, և ոչ մեկը դրա դեմ ոտնձգություն կատարելու իրավունք չունի», – նշում են հայտարարության հեղինակները։
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը երկու շաբաթ առաջ Հայ Ազգային Կոնգրեսին մաս կազմող բոլոր կուսակցությունների և կազմակերպությունների պատասխանատու մարմիններին դիմել էր նամակով` խնդրելով աջակցել իրեն Հայաստանում մնալու հարցում:
Լուսանկարը` azatutyun.am