Այսօր Երևանի քաղաքապետարանի խորհրդակցությունից առաջ մինչ հերթական աշխատանքային օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Երևան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:
«Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը, ով լքել է իր պաշտոնը անցյալ շաբաթ – Epress.am) հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, և չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»,- նշել է քաղաքապետը:
Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության, ուղևորահոսքը կառավարելի դարձնելու և մրցույթների կազմակերպման դաշտը կանոնակարգելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակվում է Երևան քաղաքի նոր երթուղային ցանց: Զեկուցվել է, որ նոր ցանցի հիմնական սկզբունքներն արդեն պատրաստ են:
Անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման խնդրին` Կարեն Կարապետյանը հանձնարարել է օպերատորների մրցույթ հայտարարելու նպատակով պատրաստել մրցութային փաստաթղթեր: Հանձնարարվել է ներկայացնել նաև առաջարկություններ աղբամանների անհրաժեշտ քանակի ու տեսքի վերաբերյալ: Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ Երևան քաղաքը պետք է ունենա աղբահանության սպասարկման բոլորովին այլ մակարդակ:
Կարեն Կարապետյանի կողմից վերահսկողության պահանջ է դրվել հանրային սննդի օբյեկտներում ծխողների և չծխողների համար առանձնացված գոտիների պահպանումն ապահովելու հարցում:
Քաղաքապետը հատկանշել է նաև սոցիալական բնակարանաշինության ծրագրի իրականացումը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ընթացք տալ գործընթացին:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի շենքերի մաքրման և բարեկարգման 2011թ.-ի ծրագրով նախատեսված 67 շենքերում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են լրացուցիչ ևս 48 շենքերի մաքրման աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է տնտեսված գումարների հաշվին ընդլայնել ծրագիրը և գործընթացը Կենտրոնից բացի իրականացնել նաև մյուս վարչական շրջաններում:
Քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել հստակ ժամկետներով ծրագրեր` կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակություն ունեցող շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման մասով:
Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման խնդիրներին` քաղաքապետը բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների և սիզամարգերի խնամքին: Կարեն Կարապետյանը նշել է, որ կայացած համատիրություններին քաղաքապետարանի կողմից կտրվեն խոտ հնձող ժամանակակից սարքավորումներ. «Այգին, պուրակը պետք է մշակված լինի, խոտը` հնձած: Այս մշակույթը պետք է ներդնենք մայրաքաղաքում»,- շեշտել է քաղաքապետը: