«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին կարծիք է հայտնել, որ Հայաստանում հիմա «պարզ իմաստով երկխոսություն չկա»:
«Կան որոշակի պայմաններ` այն սկսելու համար, այդ պայմանների մեջ մտնում էր նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը, որից հետ, կարծում եմ, պիտի սկսվի այդ երկխոսությունը: Երկխոսության թեման ՀԱԿ-ն ասել է` արտահերթ ըտրություններ, իսկ իշխանություններն ասում են` արտահերթ ընտրությունների հարց չկա: Ռուսերեն մի հատ խոսք կա` разговор глуxого с немым, այսինքն` խուլը համրի հետ ա երկխոսում»,- ասել է Կարապետյանը:
Նա հայտարարել է, որ եթե երկխոսության արդյունքում ստեղծվելու է իրավիճակ, որ կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, եթե «Հայաստանում փոխվելու է համակարգը, կազմաքանդվելու է ավազակապետությունը, մոնղոլ-թաթարները հեռանալու են Հայաստանից», քաղաքական գործիչը ողջունում է այդ երկխոսությունը:
Իսկ եթե նպատակը Հայաստանում զուտ քաղաքական բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելն է, որի պարագայում միջազգային հանրությունը կիրականացնի իր ծրագրերը` Լեռնային Ղարաբաղի, հայ-թուրքական հարաբերությունների հարցով, ապա, ըստ Կարապետյանի, այդ երկխոսությունը ոչ մի լավ բանի չի բերելու:
Քաղաքական գործիչը նաև հարց է ուղղել Հայ Ազգային Կոնգրեսին.
«Եթե գնալու են երկխոսության, հերթական ընտրություններին, արդյո՞ք իշխանությունները չեն ասելու` քանի որ հերթական ընտրությունների եկանք, դուք կորցրիք այն զանգվածը, որը պատրաստ էր արտահերթի, և գրվող թիվը, որը ուզում են գրել, եթե ընտրություններն էլի գրովի են լինելու, գրելու տոկոսը կարող է իջեցվել»:
Կարապետյանը կարծիք է հայտնել, որ իշխանություններն այժմ նման քայլերով փորձում են ՀԱԿ-ին զրկել ապագա շահարկումներից:
Նա նշել է նաև, որ ինքը ՀԱԿ-ի հետ կարող է համագործակցել, քաղաքական իրավիճակ ձևավորել միայն արատահերթ ընտրությունների կազմակերպման դեպքում: Այլ հարցերով Կարապետյանը բացառել է ՀԱԿ-ի հետ համագործակցությունը: