Մայիսի 22-ին ժամը 23.00-ից մինչև 23.45-ը տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով Սյունիքի մարզում վնասվել են Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Խդրանց գյուղերի, իսկ մայիսի 23-ին ժամը 04.30-ից մինչև 05.10-ը` Մեղրիի տարածաշրջանի Լեհվազ, Կուրիս, Կարճևան, Գուդեմնիս, Տաշտուն, Շվանիձոր, Բարձրավան գյուղերի և Մեղրի քաղաքի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները: Այս մասին տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Նույն օրը ժամը 15.00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Արփի, Աղավնաձոր, Հերհեր և Ռինդ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:
Նշենք, որ համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ավելի վաղ՝ մայիսի 21-ին Արփա գետի վարարման հետևանքով քանդվել է հունի 50 մ գաբիոնային շարվածքը և գետի մի մասը հոսում է Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղին պատկանող մոտ 5 հա մշակովի հողատարածքով:
Գետի հունի վերականգնողական աշխատանքները կիրականացվեն գետում ջրի մակարդակի նվազելուց հետո: