Մայիսի 25-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար մարմինների համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամները, Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ղեկավարները, քաղխորհրդում կուսակցությունների ներկայացուցիչները, Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Քննարկվել են Կոնգրեսի առաջիկա հանրահավաքին, ինչպես նաև իշխանության հետ հնարավոր երկխոսությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ներքաղաքական իրավիճակին և ներքին կազմակերպչական հարցերի: Ելույթներով հանդես են եկել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Մաթևոսյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը, բժիշկ Վահան Վարդապետյանը:
Վերջում առաջին նախագահն ամփոփել է խորհրդակցության արդյունքները, հայտնում են Հայ Ազգային Կոնգրեսից: