Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են օրինագիծ ընդունել, համաձայն որի «ապատեղեկատվության» տարածումը «կիբեր-հանցանք» պետք է համարել: Ադրբեջանցի որոշ իրավապաշտպաններ մտավախություն ունեն, որ այս նախաձեռնությունը կարող է միտված լինել Ադրբեջանում համացանցային տեղեկատվության հասանելիության սահմանափակմանը:
Կառավարությունը, որն արդեն իսկ Skype-ն ու Wikipedia-ն համարում է ազգային անվտանգությանը սպառնացող պոտենցիալ վտանգ, պնդում է, որ Ադրբեջանի քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու առաջարկը միտված է համացանցային անվտանգության ապահովմանը: Ազգային Անվտանգության նախարարության կողմից առաջարկված փոփոխությունները քրեական հետապնդում են նախատեսում համակարգիչների և համացանցային կայքերի վրա հարձակումների, համացանցում հեղինակային իրավունքների ոտնահարման, փողերի լվացման, էլեկտրոնային վճարման համակարգերի միջոցների գողության, ինչպես նաև ապատեղեկատվության տարածման և կեղծ ահաբեկչական սպառնալիքների համար:
Խորհրդարանը պատրաստվում է քննարկել այս փոփոխություններն աշնանը: Այս օրինագիծը «ապատեղեկատվությունը» որակում է որպես «հանրության մեջ խուճապ տարածելու նպատակով կեղծ տեղեկատվության տարածում, կեղծ ահաբեկչության մասին տեղեկատվություն»: «Ապատեղեկատվության» հստակ օրինակներ ներկայացնելու խնդրանքին ի պատասխան ազգային անվտանգության պաշտոնատար անձանցից մեկը վկայակոչել է Վիկիպեդիան, որը օգատերերի կողմից է թարմացվում, և համացանցային կեղծ տեղեկատվության աղբյուր է:
Մայիսի 4-ին կայացած «Կիբեր և Ազգային անվտանգություն» թեմայով կոնֆերանսի ժամանակ Ազգային Անվտանգության նախարարության բաժնի վարիչ Քերիմ Քերիմովը նշել է, որ Վիկիպեդիան «կեղծ և կողմնակալ տեղեկատվություն է տարածում, որը հեղինակազրկում է Ադրբեջանը»`ընդգծելով, որ նման տեղեկատվության վերացումը կայքից չափազանց դժվար է Վիկիպեդիայի օգտատերերի կողմից լրացվող տեղեկատվության համակարգի պայմաններում, միաժամանակ նա կոչ է արել միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել այս կայքին:
Ադրբեջանի լրատվական փաստաբաններից մեկը մտավախություն ունի, որ «ապատեղեկատվության» վերաբերյալ կառավարության կողմից մշակված այս նոր փոփոխությունները կարող են հանգեցնել խոսքի ազատության սահմանափակմանը:
«Մենք գիտենք, որ իշխանությունները մտահոգված են սոցիալական կայքերում երիտասարդների ակտիվությամբ: Դա ապացուցում է այն փաստը, որ նման շատ ակտիվիստներ, ովքեր օգտագործել են Facebook սոցիալական կայքը հակակառավարական ցույցեր կազմակերպելու նպատակով, ձերբակալված են և մեղադրվում են թմրանյութերի տարածման մեջ»,-ասել է Ադրբեջանի ինտերնետ ֆորումի անդամ Ալասգար Մամադին:
«Ապագայում «ապատեղեկատվության» մասին նոր օրենքը կարող է օգտագործվել բլոգերներին, համացանցի լրագրողներին և սոցիալական կայքերի օգտատերերին ահաբեկելու նպատակով», ընդգծել է Մամադին:
նյութը` EurasiaNet.org