Մարտի 1-ի իրադարձությունները քննող ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծված քննչական խումբն արդեն մեկ ամիս է նոր թափով, նոր ուղիներ փնտրելով, ընդգծված ակտիվությամբ քննություն է իրականացնում, բայց արի ու տես, որ ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ`այս մասին տեղեկացրել է նշված խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
Որպես օրինակ նա մատնանշեց մարտի 1-ի տասը սպանությունները, որոնց բացահայտումը, ըստ Հարությունյանի ներկայացրած տվյալների, անհնար է:
Մարտի 1-ի զոհերի դիակներից հանված գնդակները, ինչպես նաև Պարոնյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցներից, Մաշտոց պողոտայից հայտնաբերված պարկուճները`1700-ից ավելի, ըստ Հարությունյանի, համեմատել են ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ եղած զենքերի հետ և ոչ մի համընկնում չեն հայտնաբերել: Այսինքն, Հարությունյանի այս պնդումից բխում է, որ այդ պարկուճները կրակվել են պաշտպանության նախարարության զինված ուժերի զինծառայողների կամ էլ Հայաստան ներխուժած ինչ-որ անհայտ զինված խմբավորումների կողմից:
Հարությունյանի խոսքով, լրիվ օրինական է նաև գնդապետ Դաստակովի հետ կապված դրվագը, երբ վերջինս փաստահավաքում հայտարարել էր, որ մարտի 1-ին ինքն ինքնաձիգերը բեռնել է իր ավտոմեքենայի բեռնախցիկը և տարել Կառավարության շենքի մոտ ու հենց այնտեղ` փողոցում բաժանել իր ենթականերին:
Իսկ ինչ վերաբերվում է 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի թիվ 038 հայտնի հրամանին, որը միտված է եղել նախապատրաստել մարտի 1-ի սպանդը, ըստ Վահագն Հարությունյանի, իրենք չեն քննել և չեն էլ պատրաստվում քննել. «Փետրվարի 23-ի այդ հրամանը նախաքննության թեմա չի և մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ, կարծում եմ, որևէ կապ չունի»,- փոխանցում է թերթը Հարությունյանի բառերը: