Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կոմիտեի նախագահի տեղակալներն ու համապատասխան վարչությունների պետերը Հանրապետության ղեկավարին ներկայացրել են ՊԵԿ հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները, մաքսային և հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ` նախկին հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականների կատարման ընթացքը:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպում ինքը նախաձեռնել է, որպեսզի «միասին ամփոփենք, թե պետեկամուտների կոմիտեի աշխատանքներում նախատեսվող փոփոխությունների մեր նպատակադրումներում որտե՞ղ ենք հասել, որո՞նք են մեր հաջորդ քայլերը և ի՞նչ խնդիրներ ունենք այս փուլում լուծելու, որպեսզի փոփոխությունների ընթացքն արագացնենք»:
«Ձեր առջև իսկապես բավականին դժվար խնդիր է դրված. դուք ոչ միայն պետք է կարողանաք արագ բարեփոխումների շնորհիվ հնարավորինս թեթևացնել վարչարարության բեռը մեր գործարարների համար, բիզնեսի համար, այլև այդ ընթացքում պետք է կարողանաք ապահովել պատշաճ հարկահավաքություն: Ավելին ասեմ, մենք պիտի կարողանանք տարեցտարի ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` հարկման դաշտ բերելով ավելի ու ավելի շատ հատվածներ ստվերից: Իսկ որ ստվեր գոյություն ունի և այդ ստվերն իր չափերով, ցավոք, մեր կողմից դժվար գնահատելի է, այստեղ, կարծում եմ, դուք որևէ կասկած չունեք: Այս երկու հիմնական գերխնդիրների իրականացման միջև ինչ-որ տեղ իսկապես հակասություն կարող է լինել, բայց դուք պետք է կարողանաք երկուսն էլ ապահովել միաժամանակ: Նորից եմ կրկնում, մի կողմից թեթևացնել վարչարարությունը, կատարելագործել այն, դարձնել մեր գործարարների համար առավել ընդունելի, մյուս կողմից՝ ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, այսինքն ավելի շատ հարկեր հավաքել: Այստեղ մենք այլընտրանք չունենք: Համակարգը պետք է կարողանա, անընդհատ ավելացնելով հարկերի հավաքելիության աստիճանը, միաժամանակ դառնա ավելի ու ավելի ընդունելի, ընկալելի, արդար, համահավասար, բեռ չդարձող ու հնարավորինս բարյացկամ տնտեսավարող սուբյեկտների համար: Իրոք, դժվար խնդիր է, շատ դժվար խնդիր է, բայց, համոզված եմ, իրականանալի», – մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ այդ խնդիրն իրականացնելու համար ինքն անձամբ պատրաստ է աջակցել ՊԵԿ աշխատակիցների ջանքերին:
«Ինչպես գիտեք, մեր վերջին համատեղ հանդիպումները տնտեսավարող խոշոր սուբյեկտների հետ հենց այդ նպատակն ունեին: Մենք ցանկանում ենք ստեղծել համագործակցության նոր մթնոլորտ, և, իհարկե, նման հանդիպումները մենք շարունակելու ենք: Ի վերջո, մենք պետք է կարողանանք փոխել ՊԵԿ-ի նկատմամբ վերաբերմունքը, մենք պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային, մաքսային մարմինների նկատմամբ: Պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային և մաքսային աշխատողների նկատմամբ: Սա մեզ համար գերխնդիր է, և այս խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել: Միևնույն ժամանակ մենք պետք է փոխենք ՊԵԿ-ին ներկայացվող պահանջները: Սա էլ է միանշանակ: Մեր նպատակադրումը շատ հստակ է. մենք պետք է առաջին հերթին փոխենք հարկային և մաքսային մարմինների ընկալումը հասարակության և գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից վերածելով այն հարկ վճարողների սպասարկման` ժամանակակից ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող մարմնի: Սա անելու համար ոչ միայն պետք է կարողանանք վերափոխել ձեր գերատեսչության գործունեության տրամաբանությունը, այլև տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միևնույն ժամանակ նաև հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային և մաքսային համակարգերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում և, ամենակարևորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների և արդարության ապահովման հարցերում: Սա երևի թե ամենակարևոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում», – նշել է Սերժ Սարգսյանը: