Միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն այսօր նշում է իր հիմնադրման 50- ամյակը: Այս առիթով կազմակերպությունը նախատեսել է հատուկ ակցիա իրականացնել:
Ինչպես ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, Amnesty International-ի կողմից նախատեսված ակցիան նպատակ ունի ամենաթողության և անարդարության դեմ պայքարում տիրող իրավիճակի մեջ բեկում մտցնել: Ակցիայի շրջանակներում միջոցառումներ կանցկացվեն աշխարհի ավելի քան 60 երկրներում: Արշավի կարգախոսն է` «Եղիր ևս մեկը, կանչիր ևս մեկին, արա ավելին»:
Amnesty International-ը աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից է, որն ավելի քան երեք միլիոն անդամ ունի: Կազմակերպությունը նշում է, որ մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից «ելել են ամենաթողության, բռնակալության, և կոռուպցիայի դեմ պայքարի»:
Amnesty International-ը հիմնադրվել է 1961 թվականի մայիսի 28-ին: Հիմնադիրը բրիտանացի իրավաբան Պիտեր Բենենսոնն է: 1977 թվականին կազմակերպությունը խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել: