«Эхо Москвы» լրագրող Եվգենի Բունտման իր անձնական բլոգում նկարներ է տեղադրել և պատմել դեպի Լեռնային Ղարաբաղ կատարած իր ճանապարհորդության մասին:
«Ճանապարհորդական գրառումներ» խորագիրը գրող էջում Բունտմանը գրում է. «Ղարաբաղ հասնելը մի ողջ պատմություն է: Երևանից` 360 կմ , այլ ճանապարհով այնտեղ հասնելը հավանական չի թվում: Իհարկե Ադրբեջանի կողմից ավելի արագ կլիներ, սակայն վերջին 20 տարիների ընթացքում հայտնի քաղաքական պատճառներով դա մի փոքր բարդ է իրականացնել»,- գրում է լրագրողը:
Նա նաև ընդգծում է այն փաստը, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև սահման կա` «իսկական սահմանապահներով»: «Կա նաև իսկական վիզա, որը դրվում է անձնագրում և մեխանիկորեն արգելափակում է հետագա մուտքը Ադրբեջան: Ի դեպ, սահմանի վրա ոչ մի զրահապատ տանկ և գնդացիրներով փաթաթված խիստ ֆիդայիններ չկան, սովորական սահման: Այլ նշաններ հասկանալու համար, որ գտնվում ես չճանաչված պետության սամաններում, չկան: Միայն սարեր, Ղարաբաղ մտնելիս դրանք բոլորովին այլ են, ամբողջովին կանաչով պատված: Եվ դրոշներ: Ղարաբաղյան դրոշը կրկնում է հայկականը, սակայն դրա մի մասը բաժանված է սպիտակ ատամիկներով`որպես մասնատված ազգի խորհրդանիշ», – շարունակում է Բունտմանը:
Լրագրողը պատմում է նաև, որ ավերակներն այնքան էլ շատ չեն և որ տարիների ընթացքում դրանք հնարավոր է եղել վերականգնել: Իսկ անցած պատերազմի առաջին նշանները հայտնի Լաչինի միջանցքում կարելի է տեսնել:
Բունտմանը նկարագրում է Լաչինում, Շուշիում տիրող ներկայիս իրավիճակը, հին տները, ինչպես նաև նորակառույց թանգարանը.
«Հետևում է մնում Շուշին, և ներքևում բացվում է հանրապետության մայրաքաղաքը` Ստեփանակերտը: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ քաղաքը ռմբակոծվել է ամեն կողմից: Եվ զարմանալի է այսօր ավերակների փոխարեն բավական բարեկեցիկ քաղաք տեսնել: Պարզվում է, որ Ստեփանակերտը բավական ժամանակակից քաղաք է, ամեն անկյունում բանկոմատներ կան, փողի փոխանակաման կետեր, իսկ կենտրոնական այգում անվճար WiFi կա»:
«Ստեփանակերտի տեսարժան վայրերից մեկն է դարձել նորակառույց օդանավակայանը: Այն դեռևս չի բացվել, սակայն տերմինալը ամբողջովին պատրաստ է: Օդանավակայանը մեծ չէ, միաժամանակ կարող է տեղավորել մինչև 100 մարդ: Դե ինքնաթիռներն էլ այստեղ մեծ չեն լինի: Բայց տերմինալը բավական ժամանակակից տեսք ունի, ոչ մի ավելորդ բան, միայն փայլող մետաղ և կապույտ ապակի: Սկզբում խոստացել էին մայիսին բացել այն, այնուհետև որոշեցին անել դա աշնանը:
Ես մեկ հետաքրքիր հանգամանք: Մարզադաշտը, որը տեղավորում է 15 հազար մարդ, ավելի լավ տեսք ունի, քան ռուսաստանյան շատ մարզադաշտեր: Իհարկե, այնտեղ գրեթե ոչ ոք չի խաղում, միայն տեղի ակումբը, քանի որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ ակումբ, այդ թվում և Հայաստանից, չճանաչված հանրապետություն այցելելուց հետո սկանդալի մեջ կներքաշվի:
Ազնվության համար պետք է ասել, որ Ստեփանակերտն ամեն դեպքում մայրաքաղաք է, և այնտեղ են կենտրոնացած պետական իշխանության բոլոր մարմինները, և համապատասխանաբար` ֆինանսները: Այլ քաղաքներում պատերազմի հետևանքներն առավել նկատելի են»,- գրում է լրագրողը: