«Ես և իմ գաղափարակից ընկերները չենք պայքարել ինչ-որ անձնականանի համար, այլ այս քրեաօլիգարխիկ ասեմ, կրիմինալ ասեմ, այս կլանի դեմ, ես ավելի ճիշտ կձևակերպեի` այս բանդայի դեմ: Այն մարդկանց դեմ, ովքեր չհասկացան պատերազմի դժվարությունները, այն մարդկանց դեմ, ովքեր չհասկացան հաղթանակի գինը, այն մարդկանց դեմ, ովքեր չհասկացան սոված մարդու վիճակը, որոնք իրենց շահի համար կարող են իրենց ժողովրդին ճնշել և սպանել, այն մարդկանց դեմ ովքեր չհասկացան զինանշանի, մեր հիմնի, մեր Սահմանադրության արժեքը, այն մարդկանց դեմ, ովքեր չեն գիտակցում, որ այս երկրում բոլորն են ուզում ազատ ապրել», – դիմելով այսօր Վանատուրում հավաքված մարդկանց` հայտարարել է երեկ ազատ արձակված քաղբանտարկյալ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
«Ես իմ կյանքը դրել եմ մեր հողերի ազատագրման զոհասեղանին, իսկ այս իշխանությունները այս երեք տարի իրենց կատարած հանցագործությունների համար, որը ես չեմ հանդուրժում, ինձ զրկել են իմ հայրենի հողից»,- ասել է նա:
Միքայելյանը շնորհակալություն է հայտնել Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր կուսակցություններին, նրանց ղեկավարներին և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Եթե չլիներ նրա բարձր ինտելեկտը, չլինեին նրա քաղաքական երկար ու ճիշտ հաշվարկները, ես և իմ բախտակից ընկերները այստեղ չէինք կանգնի», – ասել է նախկին քաղբանտարկյալն ու հավելել. «Եթե հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ ու Սասուն միանան, այս իշխանությունը կիջնի գերեզման»:
Այնուհետև նա մեջբերել է Վազգեն Սարգսյանին և Գարեգին Նժդեհին.
«Վազգեն Սարգսյան ասել է` այս երկրի սահմանները գծվել են արյամբ, ամրապնդվել` քրտինքով: Հաղթանակած ժողովրդի նման ապրելակերպ վայել չի: Մեզ ոչ մեկ չի կարա հնարավորություն չտա, որ մենք մեր երկրում չապրենք: Գարեգին Նժդեհն ասել է` կուլտուրան կուլտուրա չէ, եթե ազգային չէ: Ինչպես ազգը, եթե կուլտուրական չէ` ազգ չէ: Եվ ամեն մի վախկոտ կենսաբանորեն անբարոյական է: Իրոք, մեզ այսօր էս անբարոյական իշխանություններն են իշխում, և մենք պետք է կարողանանք, ես չեմ ասում ծեծենք, ջարդենք, փշրենք, մեր ասողը մի մարդա… ուզում են Կոնգրեսին վարկաբեկել, ժողովուրդ ջան, չհավատաք: Ես կոչ եմ անում համախմբվել և համալրել Համաժողովրդական շարժման շարքերը», – ասել է Միքայելյանը:
Նա իր խոսքը ավարտեէ իր 1995թվականի նախընտրական բուկլետի կարգախոսով. «Խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար բավական չէ ժողովրդին իմանալ, պետք է սիրել նրան: Ես սիրում եմ ձեզ, ես ձեր զինվորն եմ ցմահ»: