Յուրաքանչյուր քաղաքական շարժման խնդիրը հետևյալն է` նրա անելիքը և ասելիքը պետք է հնարավորինս հասկանալի, ընդունելի և հարազատ լինեն տվյալ երկրի քաղաքացիների համար: Այս մասին այսօր Սարյանի արձանի մոտ քաղաքական զբոսանքներ իրականացնող մարդկանց առջև ելույթ ունենալով՝ հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Հաղթանակը վրա է հասնում այն պահին, երբ որ քաղաքացիների մեծամասնությունը լինում է ոչ միայն քո կողմնակիցը, այլև խորապես հասկանում է, թե ինչի համար ես դու պայքարում, և ինքը միանում է այդ պայքարին, որովհետև նպատակներն ու կարգախոսները նույնքան հարազատ են իրեն, ինչքան հարազատ են քեզ: Դեռ 2008 թվականին հայտնի շրջանակները որևէ հանցանշան գտնելու համար շատ էին հարցնում՝ ինչ նկատի ունեք, երբ ասում եք՝ մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է: Ես այսօր տեսնում եմ այն, ինչ ի նկատի ունեի: Ես նկատի ունեի այս օրը, ես նկատի ունեի ձեզ, ես նկատի ունեի մեզ բոլորիս, որովհետև այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուզում են քաղաքական գործունեության մասին ունեցած իրենց պատկերացումները փաթաթեն Հայ Ազգային Կոնգրեսին: Այսօր կան Հայաստանում մարդիկ, ովքեր ուզում են ապացուցել, թե իրենք ՀԱԿ-ից լավ գիտեն, թե ինչ պետք է անի ՀԱԿ-ը: ՀԱԿ-ի, Համաժողովրդկան շարժման հզորությունը նրա մեջ է, որ նա անում է այն, ինչ ճիշտ է համարում, ինչը բարոյական է համարում, ինչ համարում է միտված ապագային և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաղթանակին», – հայտարարել է Փաշինյանը:
Նա նշել է, որ հենց վերոնշյալն է պատճառը, որ երբ դատարանը Սասուն Միքայելյանին դատապարտում էր ութ տարվա ազատազրկման, Սասուն Միքայելյանը երգում էր դատարանի դահլիճում:
«Հենց սա է պատճառը, որ այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը հայտարարում էր, որ զինված ուժերը նախապատրաստվում են, ունեն բավարար ուժ, չգիտեմ ինչ, այդ նույն ժամանակ, այդ նույն ժողովուրդը, որի մասին խոսում էին, պարում էր Ազատության հրապարակում: Հենց սա էր պատճառը, որ այդ նույն ժողովուրդը, որին ուզում էին քաղաքական գործունեության պատկերացումներ փաթաթել, ինքը քաղաքական գործունեություն էր ծավալում ընդամենը զբոսնելով: Եվ մի ամբողջ երկրի ավազակապետական իշխանություն մտածում էր, թե ինչ անի, որպեսզի քաղաքացին չզբոսնի, որովհետև ինքը վախենում էր այդ քաղաքացու զբոսանքից: Եվ այս օրը ցույց է տալիս, որ ճիշտ էր անում, որ վախենում էր քաղաքացու այդ զբոսանքից», – ասել է Փաշինյանը:
Նա պատմել է, որ այսօր իրեն լրագրող է զանգել ռադիոներից մեկից և հեռախոսով հարցազրույց է խնդրել:
«Երբ որ խոսք էր գնում արտահերթ ընտրությունների մասին, ինքը ասում էր՝ բայց իշխանությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ: Ես նրան ասացի, որ իրենք չէին ուզում նաև մեզ բանտից ազատ արձակել, բայց արձակեցին շատ հանգիստ, խաղաղ: Այսպիսի ձևով էլ նրանք մոտ ապագայում, առաջիկայում կհասկանան, որ ՀՀ քաղաքացու հաղթանակը ուղղակի այլընտրանք չունի: Սիրելի ժողովուրդ, ես չեմ ուզում, որ մեր հարթակում, մեր հավաքներում հնչած ելույթներում մարդիկ արտահայտեն իրենց շնորհակալության զգացումը մեկը մյուսի նկատմամբ: Այն, որ ես շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին այն պայքարի համար, որը հանգեցրեց այսօրվա իրադարձությանը` դա հասկանալի է ինքնին, բայց ես համոզված եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր ամեն քայլով հասկանում է, որ ինքը պայքարում է հանուն այնպիսի Հայաստանի, որտեղ իր զավակները, իր թոռները, իր երեխաները լինեն ազատ և պաշտպանված, բոլորի հետ հավասար բոլորի հետ միասին: Եվ ուրեմն այսօր ես իմ շնորհակալության խոսքի փոխարեն ընդամենը ուզում եմ ասել` կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում: Պայքար, պայքար մինչև վերջ», – իր խոսքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: