Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է Հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ս.թ. ապրիլի 23-ի իր հրամանագրով ստեղծված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմն ընդլայնել է` դրանում ընդգրկելով նաև «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության տնօրենների խորհրդի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանին և Հայ օգնության միության Կենտրոնական վարչության ատենապետուհի, տիկին Վիկի Մարաշլյանին:
Իր խոսքում երկրի ղեկավարը, մասնավորապես, նշել է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարգարժան Նախագա՛հ,
Ձերդ Սրբություն, Ամենայն Հայոց կաթողիկո՛ս,
Ձերդ Սրբություն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկո՛ս,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ողջունում եմ ձեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում: Շնորհակալ եմ բոլորիդ, որ ընդունեցիք հանձնաժողովի անդամ դառնալու իմ առաջարկը և հատկապես նրանց, ովքեր հատուկ այս նիստին մասնակցելու համար ժամանեցին Հայաստան: Սակայն, անկեղծ ասած, ես այլ ակնկալիք էլ չունեի:
Այլ բան չէի ակնկալում, քանի որ Հայոց ցեղասպանության հարցը մարդկության դեմ գործած այդ հանցագործությունից 96 տարի անց դեռ բաց է բոլորիս` յուրաքանչյուր հայի համար.
• բաց է, քանի որ հնարավոր չէ ընկալել և հասկանալ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ ծրագրված և իրականացված բնաջնջման քաղաքականությունը,
• բաց է, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրագործված ոճրի հետևանքները ցայսօր չեն վերացվել` չնայած իննուկես տասնամյակներին,
• բաց է, քանի որ այսօր էլ կան Մեծ Եղեռնը իրականացնողների ուրացող հետևորդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայոց պատմության այս սև էջը խեղաթյուրելու համար,
• բաց է, քանի որ Մեծ Եղեռնը ուրացողները մեր ողբերգությունը դիտում են զուտ որպես միջազգային քաղաքականության մեջ իրենց համար անհարմարություններ ստեղծող երևույթ և չեն ընկալում իրենց ապաշխարհանքով հատուցելու անհրաժեշտությունը:
Մենք խաղաղ ժողովուրդ ենք, որ պատրաստ է որպես հավասարը հավասարի հետ, արժանապատվությամբ խոսել, քննարկել և համագործակցել բոլորի հետ, այդ թվում նաև` իր հարևանների հետ: Սակայն անկախ որևէ բանից, մենք երբեք չենք հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը և անարգանքը մեր անմեղ նահատակների հիշատակի հանդեպ»:
Սերժ Սարգսյանի խոսքից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանձնաժողովի անդամները նիստն սկսել են Տերունական աղոթքով: Այնուհետև Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջինն իրենց խոսքն են ուղղել նիստի մասնակիցներին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգային հարցերի թվում հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը զեկուցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման, պետական հանձնաժողովի խորհրդատվական խումբ ձևավորելու մասին հարցերը, որից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորման և իրականացվող աշխատանքների համադրման վերաբերյալ հարցը: Նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանձնաժողովին ներկայացրել է արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքների վերաբերյալ հարցը: