Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, որ ազատազրկման է դատապարտվել միայն և միայն իր ծավալած հրապարակային քաղաքական գործունեության համար, շարունակում է ազատազրկված մնալ, այսօր տարածած իր հայտարարության մեջ նշում է Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն:
«Դեռ 2009-ին հրապարակված համաներման արդյունքում նա պետք է ազատ արձակված լիներ: Սակայն ՀՀ իշխանություններն արհեստական ու մտացածին պատճառաբանություններով, իրենց իսկ հրապարակած համաներման ակտը արհամարելով, ցուցաբերելով ակնհայտ կամայական մոտեցում, հրաժարվեցին նրան ազատ արձակել: Ակնհայտ էր, որ Հացպանյանի նկատմամբ իրենց գործողություններում իշխանություններն առաջնորդվում են ոչ թե օրենքներով, այլ վրեժխնդրությամբ: Հետագայում էլ չանսալով օրենքի հստակ պահանջներին, հրաժարվեցին նրան պայմանական վաղակետ ազատ արձակել:
Հրապարակված այս նոր համաներումը նույպես տարածվում է Սարգիս Հացպանյանի վրա: Սակայն իշխանական աղբույրներից հրապարակային տեսակետներ են հնչում, որ Հացպանյանը մինչև իր պատժաչափի ավարտը շարունակելու է մնալ անազատության մեջ: Այս անգամ էլ ՀՀ իշխանությունները մտացածին պատճառներ վկայակոչելով, ի ցույց դնելով օրենքի և օրինականության նկատմամաբ ունեցած իրենց արհամարանքը, մեկ ավելորդ անգամ եւս ապացուցում են, որ Հացպանյանի դեպքում իրենց գործողությունների շարժառիթը չպատճառաբանված ու բանական մարդուն անհարիր վրիժառությունն է», – նշում են տեքստի հեղինակները:
Հայտարարության մեջ Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն իր զորակցությունն է հայտնում Հացպանայանին, դատապարտում է «քինախնդրության ցանկացած դրսևորում և գործող իշխանություններից պահանջում է իրենց իսկ հրապարակած համաներումը հարգելով` նրան անհապաղ ազատ արձակել»: