Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի շուրջ ծավալված սկանդալի կենտրոնում հայտնված Ռուբի կեղծանվամբ պարուհի Քարիմա ալ-Մարուգը նամակ է ուղղել ռեժիսոր Վուդի Ալենին: Նամակի բովանդակությունը հրապարակել է Oggi պարբերականը:
Ինչպես իր նամակում պատմել է Ռուբին, ինքը որոշել է գրել Ալենին այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ վերջինս խոսել է իր մասին վերջերս ավարտված Կաննի փառատոնի ժամանակ: Լրագրողների հետ զրույցում ռեժիսորը Ռուբիին նկարագրել է որպես բարետես աղջիկ: «Ես երբեք չեմ հանդիպել նրան, սակայն նա ինձ հրապուրիչ է թվում: Միգուցե նա կարողանար ֆիլմում նկարահանվել»,- հայտարարել է Ալենը:
Ռեժիսորի արտահայտությունը հայտնվել է մի շարք իտալական պարբերականներում, որից հետո էլ Ռուբիի մոտ գաղափար է ծնվել դիմել Ալենին. «Հարգելի մաեստրո: Ես տեղական ԶԼՄ-ներից տեղեկացա, որ դուք հետաքրքվել եք իմ անձով: Ես շատ զգացված եմ նման ուշադրությունից և հուսով եմ, որ չեմ հիասթափեցնի Ձեզ»,- իր նամակում գրում է պարուհին:
Այնուհետև Ռուբին հայտնում է Ալենին, որ ցանկանում է հանդիպել նրա հետ մոտակա ժամանակներս և թեյի բաժակի շուրջ քննարկել համատեղ ստեղծագործական ծրագրերը: Միաժամանակ նա նշել է, որ իր հեղինակությունն այժմ այնքան էլ իդեալական չէ, սակայն հույս է հայտնում, որ այս հարցում իրեն կարող է օգնել ռեժիսորը: Ըստ Ռուբիի` Վուդի Ալենը իրեն հարգանքի արժանի դերասանուհի կարող է դարձնել: