Չնայած Հայաստանի հավաքականի հանդեպ իմ ունեցած ողջ հարգանքին, ռուսաստանցիները պետք է հաղթեն այս թիմին Եվրո-2012-ը ընտրական փուլի շրջանակներում: Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Հայաստան խաղից առաջ այս մասին հայտարարել է Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ռոման Պավլյուչենկոն:
«Հայաստանում չհաջողվեց հաղթանակ տանել, բայց մենք խաղում էինք հակառակորդի դաշտում, իսկ հայերը տնային թիմ են: Նման հանդիպումները չեն հիշվում, բացի այդ, ես չէի մասնակցում այդ խաղին: Այժմ մենք պարզապես պետք է հանգիստ պարտության մատնենք հակառակորդին,- պատմել է ֆուտբոլիստը, հավելելով, որ իր համար տարբերություն չկա Մոսկվայում է խաղում, թե Սանկտ Պետերբուրգում, – Դաշտերն ամենուր էլ նույնն են: Կարծում եմ` խաղի ընթացքում մթնոլորտը լավը կլինի, մարզադաշտն էլ` լի հանդիսականներով: Տարբերություն չկա` որտեղ խաղալ, կարևորը լավ դաշտն է, լավ մթնոլորտը և լավ հանդիսատեսը»:
Վերջին շրջանում Ռուսաստանի հավաքականին հաճախ են քննադատում անվստահ խաղի համար, և, Պավլյուչենկոյի խոսքով, երբեմն նման քննադատությունն անհրաժեշտ է: «Սակայն եթե նայենք մրցաշարային աղյուսակին. մենք առաջատարն ենք: Եկեք սպասենք ընտրական փուլի ավարտին»,- առաջարկել է նա:
Նշենք, որ 5 խաղի արդյունքներով` B խմբի առաջատարն է Սլովակիան (10 միավոր), Ռուսաստանը 2-րդ հորիզոնականում է (10 միավոր), 3-րդում Իռլանդիան է (10 միավոր), 4-րդում` Հայաստանը (8 միավոր), 5-րդում` Մակեդոնիան (4 միավոր), 6-րդում` Անդորրան (0 միավոր):