Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խոստովանել է, որ «ЮКОС» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու իրավունքները ոտնահարվել են առաջին գործի քննության վերաբերյալ նախնական կալանքի ժամանակ: Այս մասին ասված է Եվրադատարանի պաշտոնական կայքում այսօր հրապարակված որոշման մեջ, հայտնում է Vesti.ru-ն:
Միաժամանակ, ինչպես նշված է տեքստում, Ռուսաստանում տեղի ունեցած դատական գործը քաղաքական դրդապատճառներ չուներ: Դատարանը նշել է, որ «թեև Խոդորկովսկու գործը կարող էր որոշ կասկածներ հարուցել այն առնչությամբ, որ ռուսաստանյան իշխանությունների իրական մտադրությունները կարող էին պայմանավորված լինել նրա հետապնդմամբ, այդուհանդերձ, քրեական գործի քաղաքական դրդապատճառներին վերաբերող մեղադրանքներն անհերքելի փաստեր են պահանջում, որոնք չեն ներկայացվել»,- նշված է դատարանի որոշման մեջ:
Դատական կոլեգիայի կարծիքով` մինչ հետաքննության և դատական վարույթի ավարտը Խոդորկովսկու կալանքը չափից շատ է երկարաձգվել: Բացի այդ, խնդրահարույց են նաև այն պայմանները, որոնցում պահվում էր նավթային ընկերության նախկին ղեկավարը:
Այսպիսով, դատարանի որոշման համաձայն, Ռուսաստանը ստիպված կլինի Խոդորկովսկուն 10 հազար եվրոյի չափով գումար վճարել ոչ նյութական վնաս հասցնելու և ևս 14 543 եվրո` դատական ձգձգումների համար: