Ռուսաստանյան Տվեր քաղաքում 30 հայերի և ադրբեջանցիների բնակարաններում խուզարկություն է իրականացվել: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», խուզարկությունները կապված են ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ Տվերում հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուք էր գրանցվել:
Տվերի բնակիչ Արայիկ Գերիյանը պատմել է թերթի թղթակցին՝ ինչպես է տեղի ունենում խուզարկությունը. «Դռան մոտ հայտնվեցին քաղաքացիական հագուստով չորս սարսափազդու տղամարդիկ և երկու ավտոմատներով զինված մարտիկներ: Ինձ հրեցին, երեխաներին վախեցրեցին, տունը տակնուվրա արեցին: Ասացին, որ զենք են փնտրելու, բայց ոչինչ չգտան»: Արդյունքում Արայիկից առգրավել են 40 զույգ կոշիկի միայն աջը և հայկական փոքրիկ հուշանվեր-դրոշը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Տվերում բախվել էին հայերն ու ադրբեջանցիները: Տուժել էր 7 մարդ, ծեծկռտուքի 23 մասնակից բերման էին ենթարկվել:
Տվերի ադրբեջանական համայնքի ղեկավար Ֆայազ Փաշաևը այդ կապակցությամբ նշել է. «Մենք չենք խառնվում և չենք պատրաստվում խառնվել հետաքննության ընթացքին: Թող ծեծկռտուքի կազմակերպիչներին փնտրեն և պատժեն: Խուզարկությունների մասին էլ գիտեմ: Ի դեպ, ինձ մոտ գրանցված որսորդական հրացան կա»:
«Խուզարկությունների արդյունքում, որքան ես գիտեմ, առգրավվել է զենք, դանակներ, համակարգչային սկավառակներ, նոուտբուք, կոշիկներ: Ինչի համար է դա ոստիկանությանը հարկավոր, ես չգիտեմ: Քննչական մարմիններն ավելի լավ գիտեն», – ասել է Տվերի հայկական համայնքի ղեկավար Սեյրան Կաչկանյանը: