Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Եղիազարյանը, ով իր պատգամավոր ընկերների քվեարկության արդյունքում զրկվել է անձեռնմխելիությունից, ԱՄՆ-ի քաղաքացիություն է ցանկանում ստանալ:
«Նրա օգնականներն ու մտերիմները գիտեն, որ նա փաստաթղթեր է ներկայացրել համապատասխան կառույցին` ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու նպատակով: Դառնալով քաղաքացի` նա պաշտոնական պաշտպանություն կստանա Վաշինգտոնից, քանի որ նրան պայմանական ազատազրկում է սպառնում»,- Life News-ին պատմել է Պետդումայում պատգամավորի գործընկերներից մեկը:
Արտասահմանցիներին քաղաքացիություն տրամադրող կառույցի ներկայացուցիչները հայտնել են, որ գործարարն իրոք դիմել է իրենց:
«Պարոն Եղիազարյանը մեզ մոտ խորհրդատվության էր եկել մի քանի շաբաթ առաջ: Ներկայումս զբաղվում է փաստաթղթերի ձևակերպմամբ: Քաղաքացիության տրամադրման որոշումը դեռ չի կայացվել»,- ամերիկյան գերատեսչությունում հայտնել են Life News-ին:
Վերջերս արտասահմանյան լրագրողները Աշոտ Եղիազարյանին տեսել են Հոլիվուդում: Վերջինս նստած է եղել ռեստորանում իր եղբոր` Սուրենի հետ:
«Եղիազարյանն ԱՄՆ-ում անշարժ գույք ունի և ժամանակ առ ժամանակ բնակվում է այս երկրի տարածքում, այնպես որ մեծ հավանականություն կա, որ շուտով նա Ամերիկայի քաղաքացիություն ձեռք կբերի»,- վստահ է պարբերականի զրուցակիցը:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով սկանդալային գործարարին ընդգրկել էր իր կուսակցության կողմից խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակում, նույնպես կարծում է, որ Աշոտ Եղիազարյանը աջակցություն կգտնի ԱՄՆ-ում:
«Նա ճիշտ արեց, որ փախավ, և ավելի ճիշտ է չվերադառնալը: Դուք երբեք Եղիազարյանին չեք բռնի: Եվ Ամերիկան նրա կողմից կլինի»,- ասել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը ներկայումս հետախուզման մեջ է գտնվում Ռուսաստանում խոշոր չափերի դրամաշորթության մեղադրանքով: