ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհերի ռեկտորներին առաջարկել է առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով հատկացված անվճար տեղերի մրցույթը բանակից զորացրված դիմորդների համար ամփոփել մինչև օգոստոսի 25-ը, առաջնահերթությունը հաջորդականությամբ տալով բակալավրի կրթական ծրագիրն ավարտած և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին, բակալավրի կրթական ծրագրով ուսումնառած և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու պատճառով ուսումնառությունն ընդհատած դիմորդներին, այսօր հայտնում է ԿԳՆ լրատվական բաժինը:
ՀՀ կառավարության 2011թվականի մայիսի 5-ի թիվ 620 որոշմամբ հաստատվել էր Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2011/2012 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը: Որոշման մեջ առաջին անգամ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, բանակից զորացրվածների համար հատկացվել է 99 տեղ կամ տեղերի 10 տոկոսը, խրախուսելով երիտասարդներին ծառայել բանակում և դրանից հետո անվճար մագիստրոսական կրթություն ստանալ: