Հունիսի 1-ին Հայաստանի մի շարք շրջաններում գետերի վարարումներ են գրանցվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը: Մասնավորապես, Ազատ գետի վարարման հետևանքով ողողվել են Արարատի մարզի Բուրաստան գյուղի մշակովի ցանքատարածքներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ Բուրաստան գյուղում ողողվել է մոտ 2հա մշակովի ցանքատարածք, ինչպես նաև գետի ափին գտնվող «Դանգսի» ավտոտեխսպասարկման կետի շինության հիմքը:
Լանջազատ գյուղում փլուզվել է համայնքային նշանակություն ունեցող կամուրջը (4×20մ), ջրածածկվել է 3000 քմ մակերեսով հողատարածք: Դեղձուտ գյուղում ջրածածկվել է ավտոճանապարհի մոտ 70մ ափամերձ հատված և մոտ 400 քմ մակերեսով հողատարածք:
Եղեգիս գետի վարարման պատճառով Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում վնասվել է խմելու ջրագծի մոտ 40մ հատվածը, ողողվել են մշակովի ցանքատարածքներ (մոտ 3000 քմ), փլուզվել է դաշտամիջյան կամուրջը (մոտ 3մ), իսկ Շատին գյուղից մարզի Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ, Արտաբույնք և Հորբատեղ գյուղեր տանող ավտոճանապարհը դարձել է անանցանելի. այժմ րթևեկությունն իրականացվում է շրջանցիկ ճանապարհով:
Նույն մարզում՝ Արփա գետի վարարման հետևանքով վնասվել են Երևան–Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ի ճամփեզրի մոտ 30մ հատվածը, Արփի գյուղում ջրածածկվել է 15 և ողողվել է 2հա մշակովի ցանքատարածք:
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղում Մարտունի գետի վարարման հետևանքով փլուզվել են ափապաշտպան երկկողմանի պատնեշները (մոտ 30մ):