ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի բացահայտմանը նոր թափ հաղորդելու հանձնարարականից հետո անցել է ավելի քան մեկ ամիս: Երեկ քրգործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել է, թե «Մարտի 1»-ի ու, մասնավորապես, 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման առումով նոր բան չկա: «Առավոտ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրած Փաստահավաք խմբում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ:
«Կարծում եմ՝ այդ գործի բացահայտումը հիմա նորից ՀՔԾ-ին չպիտի հանձնարարվեր: Պիտի հանձնարարվեր մեկ այլ մարմնի, որն այդ գործով չի զբաղվել և կաշկանդված չէ նոր փաստեր հայտնաբերելով: Մարդուն (Վահագն Հարությունյանին) դնել մի վիճակի մեջ, թե՝ քո դիրքորոշումն այս գործի վերաբերյալ պիտի փոխես, բացահայտում անես՝ չի ստացվի: Նախագահը, եթե նույնիսկ իրականում ուզում է բացահայտումներ անել, դա պիտի անի այլ մարմնի օգնությամբ: Հարցն անգամ այդ գործի նորովի քննության իմիտացիա ստեղծելը չէ, այլ այն, որ այդ հանձնարարաանն էլ ի սկզբանե ձախողված է: ՀՔԾ-ն այսօր ի վիճակի չէ այդ գործի քննությունն ամբողջ ծավալով վերցնել իր ուսերին: Մենք (Փաստահավաք խումբը) հարուստ նյութեր ենք հավաքել հենց ՀՔԾ-ի քննիչների թույլ տված կոպիտ սխալների մասին, ու հանկարծ այդ նույն ՀՔԾ-ին լիազորում են այդ գործով նոր գործընթաց սկսել: Այդպես ոչ մի բացահայտում էլ չի լինի», – ասել է Սեդա Սաֆարյանը: