Home / Հայաստան / «Արմավիայի» նոր ինքնաթիռը քանդվում է, պատմել է ռուսաստանցի լրագրողը

«Արմավիայի» նոր ինքնաթիռը քանդվում է, պատմել է ռուսաստանցի լրագրողը

Ռուսաստանցի բլոգեր, լուսանկարիչ Իլյա Վառլամովը եռօրյա հայաստանյան այցից հետո պատմել է «Արմավիա» ավիաընկերության նոր «Սուպերջեթ-100» ինքնաթիռով Երևան կատարած չվերթից ստացած իր տպավորությունների մասին:

«Առաջին օրը, ցավոք սրտի, ամենաանհաջող օրն էր: Սկզբում իր քանդվող Սուպերջեթով հույսերս չարդարացրեց «Արմավիան»:

Երևան թռչում էի «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռով, անմիջապես ասեմ, որ այն ինձ բոլորովին դուր չեկավ: Տոմսերի պատվերի ժամանակ ինձ այդպես էլ չհաջողվեց այնպիսի չվերթ ընտրել, որպեսզի մեկնեմ և ժամանեմ միևնույն օդանավակայան: Արդյունքում` ստիպված էի երկու անգամ տաքսի պատվիրել, չնայած կարող էի սեփական մեքենայով հասնել օդանավակայան և երկու օրով մեքենաս թողնել այնտեղ:

Հայաստան էի թռչում «հայրենական ավիաարտադրողի պարծանքով»` նոր «Սուխոյ Սուպերջեթ 100»-ով: Երբ տոմս գնելիս տեսա, որ չվերթը իրականացվում է հենց այդ ինքնաթիռով, շատ ուրախացա, հետաքրքիր էր, թե ինչ են կառուցել Կոմսոմոլսկ–Ամուրի-վրա քաղաքի գործարանում:

Չէի հասցրել ինքնաթիռ մտնել, երբ ուղեկցորդուհին անմիջապես ասաց, որ օդանավում լուսանկարելը խստագույնս արգելվում է: Մինչ պատրաստվում էի նստել, ևս երկու ուղեկցորդներ հարկ համարեցին մոտենալ և ասել, որ ԻՐԵՆՑ ՄՈՏ ՆԿԱՐԵԼԸ  ԽՍՏԻՎ  ԱՐԳԵԼՎՈՒՄ  Է, թեև ես չէի էլ պատրաստվում լուսանկարել:

Շուտով հասկացա, թե ինչու էր ինքնաթիռի անձնակազմն այդքան մտահոգված լուսանկարելու հանգամանքով: Նոր ինքնաթիռը քանդվում է: Չնայած նրան, որ ընդամենը մեկ ամսից քիչ ավել ժամանակ է, ինչ ինքնաթիռը պարբերաբար չվերթներ է կատարում, սրահը խղճուկ վիճակում էր: Թթվածնային դիմակների  դարակները չէին ամրանում: Ուղեբեռի համար նախատեսված դարակների դռներն ինքնաբերաբար բացվում էին: Իլյումինատորի ապակու պաշտպանիչ շերտն արված էր ինչ-որ բարակ, էժանագին թաղանթից, որի պատճառով դրա միջոցով ոչ միայն լուսանկարել հնարավոր չէր, այլ նաև պարզապես դիտել: Իսկ սրահում առկա ճեղքերից ես կարողանում էի տեսնել հայրենական արտադրության պարծանքի ողջ ներքին պարունակությունը: Ես վստահ եմ, որ ինքնաթիռը շատ լավն է և կարող է մրցել «Բոինգի» և «Էյրբասի» հետ, հատկապես եթե «Սուխոյում» դադարեն տնտեսել հարդարման նյութերի և ինքնաթիռի հավաքման վրա: Իսկ մինչ այս, սա պարզապես թռչող Լադա է: Ահա հեռախոսով արված մի քանի կադրեր»,-գրում է Վառլամովը:

Հիշեցնենք, որ «Արմավիան» հայտնել էր, որ պատրաստվում է ևս մեկ «Սուպերջեթ-100» գնել մոտակա ժամանակներս:

Լուսանկարը`  http://yfrog.com/hsefepgj