Home / Հայաստան / Աբովյան փողոցի ծաղկեվաճառներին բերման են ենթարկել ոստիկանություն

Աբովյան փողոցի ծաղկեվաճառներին բերման են ենթարկել ոստիկանություն

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մոտեցել են  Աբովյան փողոցում ծաղիկ վաճառող կանանց և հայտարարել, որ նրանք այդտեղ առևտուր իրականացնելու թույլտվություն չունեն:

Կանանց փոխացմամբ՝ քաղաքապետարանի նույն աշխատակիցները դեռևս մի քանի օր առաջ այցելել էին իրենց և ասել, որ վերջիններս ծաղիկները պետք է վաճառեն 1000 դոլար արժողությամբ սեղանիկների վրա: Ծաղկավաճառներից Հեղինե Պողոսյանն ի պատասխան ասել է, որ այդքան գումար չունի, իսկ քաղաքապետարանի աշխատակիցը խորհուրդ է տվել պարտքով գումար գտնել ու վճարել:

Այսօր կանանց հետ վեճի են բռնվել մի քանի ոստիկաններ, որից հետո նրանք կարգադրել են կանանց նստել իրենց մեքենան:

Հեղինե Պողոսյանը և Նարինե Վարդանյանն առանց աղմուկի նստել են ոստիկանության մեքենան, սակայն հայտարարել են, որ իրենք գնում են ոստիկանություն բողոք գրելու: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Պողոսյանի դուստրը` Անի Ավետիսիյանը, ոստիկանությունում կանանց ասել են, որ իրենց բերման են ենթարկել քաղաքապետի հասցեին վիրավորական արտահայտություններ ասելու համար, և փորձել են ինչ-որ արձանագրություն ստորագրել տալ, սակայն կանայք դա չեն արել:

Ոստիկանությունում չեն ընդունել կանանց գրած դիմում-բողոքը:

Կանանց հետ փորձել է խոսել նրանց փաստաբանը, սակայն նրան հայտնել են, որ  շենքում նման մարդիկ չկան: Այս պահին փաստաբանը չի կարողանում ներս մտնել և կանանց հետ միայն հեռախոսակապի մեջ է: