Մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանը նախագահի առաջարկությամբ համաներում հայտարարեց, որի արդյունքում ազատության մեջ հայտնվեցին նաև «մարտի 1-ի» գործով դատապարտվածները: Համաներման փաստը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Համաներման հայտարարումը, անկասկած, մարդասիրական քայլ է: Չէ՞ որ ազատության մեջ հայտնվեցին ոչ միայն այն մարդիկ, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում «մարտի 1-ի» զանգվածային անկարգությունների և 10 մարդկանց կյանքերի համար: Ինչ վերաբերում է համաներման ենթադրվող նպատակներից մեկին` ներքաղաքական լարվածության թուլացմանը, ապա այսօր դժվար է կանխատեսումներ անել այդ առիթով, հատկապես ազատ արձակված ընդդիմադիրների հայտնի հայտարարությունների ֆոնին: Կցանկանայի հուսալ, որ լարվածությունն իրոք կթուլանա: Ժամանակը ցույց կտա:
Ինձ փոքր-ինչ մտահոգեց այլ փաստ. քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների մի ամբողջ շարք համաներումը ներկայացրին որպես «աննախադեպ իրադարձություն», իսկ քաղբանտարկյալների ազատ արձակումը` որպես «Քոչարյանի ժառանգության հաղթահարմանն ուղղված հերթական քայլ»: Այս պնդումները զարմացնում են:
Առաջինը, անկախության ձեռքբերումից հետո մեր պետությունն արդեն մի քանի անգամ համաներում է հայտարարել (եթե չեմ սխալվում, այս համաներումը 7-րդն է): Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության տարիներին համաներում է հայտարարվել երեք անգամ` 1998, 2001 և 2006թթ: Այնպես որ, ոչ մի աննախադեպ բան, բնականաբար, չկա:
Ինչ վերաբերվում է «… հաղթահարմանն ուղղված հերթական քայլին», ապա ստիպված եմ հիշեցնել, որ 1998-2007թթ. Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քաղբանտարկյալ չի եղել: Դա հանրահայտ փաստ է: Վերջերս ազատ արձակված քաղաքական գործիչները տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել 2008 թվականի ապրիլից հետո: Այնպես որ, որեւէ «ժառանգության» և առավել եւս` դրա «հաղթահարման» մասին խոսք լինել չի կարող», – ասել է Սողոմոնյանը:
Նշենք, որ չնայած ընդդիմության պահանջին, անազատության մեջ են շարունակում մնալ Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը և թուրքագետ Մուրադ Բոջոլյանը: Վերջինս բանտարկվել է 2002թ.: Մուրադ Բոջոլյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 59 հոդվածի հատկանիշներով՝ օտարերկրյա կազմակերպություններին պետական, ռազմական կամ այլ բնույթի գաղտնիքների մասին տեղեկություններ հաղորդելու համար: