Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:1 հաշվով, դժգոհ է մնացել ֆրանսիացի մրցավար Ստեֆան Լանուայի աշխատանքով:
«Վաղուց միջազգային ասպարեզում այսպիսի մրցավարություն չէի տեսել: Ես անգամ չեմ խոսում այն մասին, գնդակը հայտնվել էր դարպասում կամ կար արդյոք 11-մետրանոց: Ընդհանուր առմամբ, մրցավարը շատ ցածր մակարդակով անցկացրեց հանդիպումը…
Եվս մեկ պահ. եթե դաշտը ջրեին խաղից առաջ, ապա խաղն ավելի հետաքրքիր կստացվեր: Նման խոտածածկն ազդեց փոխանցումների ճշգրտության վրա: Մեր թիմի մոտ արագ խաղը չստացվեց: Ռուսաստանն էլ տպավորություն չթողեց, չնայած երեք գնդակ խփեց: Առանցքային պահ էր մեր թիմի դարպասը խփած երկրորդ գնդակը: Մենք կազմի հետ խնդիրներ ունեինք, Հովսեփյանը երեկ թունավորվել էր, կարողացավ ընդամենը 40 տոկոսով խաղալ: Բոլոր գրոհները նրա եզրից էին գալիս, գուցե, իմաստ կար նրան ընդմիջմանը փոխարինել», – Բերեզովսկու խոսքերը փոխանցում է championat.ru-ն: