Home / Հայաստան / Եմենի հարություն առած նախագահը դիմել է ժողովրդին

Եմենի հարություն առած նախագահը դիմել է ժողովրդին

Ուրբաթ երեկոյան նախագահական համալիրում գտնվող մզկիթի վրա իրագործված հարձակման արդյունքում վիրավորված Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը ելույթով հանդես է եկել ազգային հեռուստաալիքի եթերում, հայտնում է BBC-ն: Սալեհի ուղերձը հեռարձակվել է աուդիոձայնագրության ձևով:

Սալեհի կարծիքով` մզկիթի վրա իրականացված հարձակման պատասխանատուն ընդդիմադիր Հաշիդ ցեղն է, որը ղեկավարվում է շեյխ Սադեկ ալ-Ահմարի կողմից: Նախագահը հաղորդել է, որ կրակոցների հետևանքով անվտանգության 7 աշխատակիցներ են սպանվել: Նա նաև վստահություն է հայտնել, որ Հաշիդի ցեղային միավորումը պարտություն է կրելու, և կոչ է արել ժողովրդին միավորվել:

Ավելի վաղ ընդդիմության գրոհային խմբերը հրթիռներ էին արձակել նախագահական համալիրում գտնվող մզկիթի ուղղությամբ: Սկզբում ընդդիմադիրները լուրեր էին տարածել այն մասին, որ հարձակման արդյունքում Սալեհը մահացել է, սակայն ավելի ուշ նախագահի ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկությունները: Assocciated Press գործակալությունը` հղում կատարելով Եմենի իշխանությունների աղբյուրներին, հաղորդել էր, որ նախագահը գլխի հետին հատվածի և պարանոցի ոչ ծանր վնասվածքներ է ստացել: