Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլի խմբային մրցաշարի երկրորդ շրջանը սկսեց պարտությամբ: Սա մեր թիմի երկրորդ պարտությունն էր, առաջինը մեր թիմը կրել էր Իռլանդիայից առաջին շրջանի մեկնարկային խաղում: Թե’ մասնագետների, թե’ մարզասերների հիմանական մասը կհամաձայնեն, որ Ռուսաստանի հետ արտագնա հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականը չզիջեց մրցակցին խաղով, սակայն դա ամենևին էլ չի օգնում մեր թիմին մրցաշարային աղյուսակում. Հայաստանի ընտրանին 8 միավորով մնաց 4-րդ տեղում:
Ռուսաստանցիները խաղն այնպես սկսեցին, կարծես, պատրաստվում էին մեկնարկային 10 րոպեների ընթացքում վճռել հանդիպման ելքը: Նրանք առաջին երկու րոպեներին 3 անգամ անկյունային իրացրեցին, փորձեցին պահել ճնշումը: Սակայն մեր թիմը սառնասրտությունը չկորցրեց և 11-րդ րոպեին գոլային պահ ստեղծեց: Յուռա Մովսիսյանը տուգանային հրապարակում շրջանցելով Բերեզուցկուն՝ նպաստավոր դիրքում հայտվեց, սակայն նրա հարվածը ուժեղ չստացվեց, բացի այդ, գնդակի ճանապարհը փակեց Իգնաշևիչը:
24-ից 26-րդ րոպեներին թիմերը ակտիվության շրջան գրանցեցին: Ռուսաստանցիների վտանագվոր գրոհը կանխեց Բերեզովսկին, իսկ մեր թիմի պատասխանը գոլային ստացվեց: Յուռա Մովսիսյանն աջ եզրից գնդակը փոխանցեց կենտրոն, որտեղ Մարկոսը միայնակ էր: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը առաջ շարժվեց և գնդակը ոչ ուժեղ հարվածով ուղարկեց դարպասապահ Ակինֆեևի կողքով: Իգնաշևիչը փորձեց դուրս բերել գնդակը դատարկ դարպասից, սակայն չկարողացավ դա անել՝ 0:1:
Մեր թիմի համար այդ պահին կարևոր էր արագ վերադասավորել և դիրքավորվել պաշտպանությունում, սակայն չստացվեց: Դա, հավանաբար, խաղի առանցքային պահն էր: Ռուսաստանը գրոհ կազմակերպվեց, որի վերջնամասում գնդակը հայտնվեց տուգանային հրապարակի ձախ կողմում միայնակ կանգնած Պավլյուչենկոյին, ով ընթացքից հարվածով գրավեց դարպասը:
Հանդիպման հետագա ընթացքն անցավ հիմնականում հավասար պայքարում: Հայաստանի ընտրանին նույնիսկի դրվագներով ավելի հետաքրքիր և գեղեցիկ ֆուտբոլ էր ցույց տալիս: Սակայն երկրորդ խաղակեսում Ռուսաստանը երկու գնդակ խփեց: Նախ Պավլյուչենկոն 59-րդ րոպեին գնդակ ստացավ գրեթե նույն դիրքում, ինչպես առաջին գոլի ժամանակ, և դարձյալ առանց դժվարության գրավեց դարպասը: Այս դրվագում մեր թիմը փորձում էր արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծել, բայց Մկոյանը ուշացավ և Սեմշովը կարողացավ փոխանցել գնդակը միայնակ Պավլյուչենկոյին: Վերջինս հեթ-տրիկ ձևակերպեց 73-րդ րոպեին. տուգանային հրապարակի գծի մոտ բախվեցին Ժիրկովն ու Հովսեփյանը, և ֆրանսիացի մրցավար Լաննուան կասկածելի 11-մետրանոց նշանակեց, որն էլ իրացրեց Պավլյուչենկոն: Այլ իրական գոլային պահեր երկրորդ խաղակեսում դաշտի տերերը չստեղծեցին: Մեր թիմը հանդիպման վերջում ևս մեկ գոլի հեղինակ դարձավ, սակայն եզրային մրցավարը մինչ Մխիթարյանի գլխով հարվածը բարձրացրել էր դրոշակը՝ խաղից դուրս:
Կարելի է ասել, որ Ռուսաստանի հավաքականը հաղթեց այն բանի հաշվին, որ նման կարևոր հանդիպումների ավելի մեծ փորձ ունի, ինչն էլ կարգի որոշակի մաս է կազմում: Դաշտի տերերը մի փոքր էլ հաջողակ գտնվեցին: Այնուամենայնիվ, չնայած Հայաստանի հավաքականը արդեն 5 միավոր զիջում է խմբի առաջատարին, Եվրո 2012-ի համար պայքարը դեռ չի ավարտվել. այսօր Սանկտ Պետերբուրգում մեր ընտրանին ցույց տվեց, որ խմբում յուրաքանչյուր թիմի դեմ կարող է խաղալ հաղթանակի ակնկալիքով:
Լուսանկարները` Կիրիլ Կուդրյավցևի (AFP/Getty Images)