Երեկ երեկոյան Իտալիայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակում աշխատւանքային հանդիպում է ունեցել ՀՀԿ ղեկավար կազմի հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը.
«Երեկ առավոտվանից տեղեկություններ կային, որ նիստի ընթացքում պետք է քննարկվի ընդդիմության հետ երկխոսության իշխանական պատվիրակության կազմը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, սակայն, մեզ փոխանցեց, թե այդ հարցը նիստի ընթացքում չի քննարկվել: Այնինչ, մեզ հայտնի դարձավ, որ իշխանության մեջ արդեն քննարկվում է Կոնգրեսի հետ երկխոսության պատվիրակության հետևյալ կազմը՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյան, ԱԽՔ Արթուր Բաղդասարյան, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, փեսա Միքայել Մինասյան, Հայաստանի քրիստոնյա-դեմոկրատների միության նախագահ Խոսրով Հարությունյան: Երեկ Վազգեն Մանուկյանին հարցրինք՝ եթե իրեն առաջարկվի դառնալ ընդդիմության հետ երկխոսության իշխանական պատվիրակության անդամ, կհամաձայնվի՞, թե՞ ոչ: «Բայց ես ի՞նչ կապ ունեմ: Դուք անիմաստ հարց եք տալիս: Այդպիսի բան լինել չի կարող», – պատասխանեց Մանուկյանը: Նույն հարցը ուղղեցինք Խոսրով Հարությունյանին: «Հարցը շատ անսպասելի է ինձ համար: Կարծում եմ, դա շատ պատասխանատու միսիա կլինի որևէ մեկի համար թե’ մի կողմից, թե’ մյուս կողմից: Այնպես որ, մտածելու տեղիք կա», պատասխանեց Խոսրով Հարությունյանը: Թե երբ պաշտոնապես կհայտարարվի իշխանական պատվիրակության կազմը՝ դեռ հստակ չէ»: