Home / Հայաստան / Բաքուն բացահայտել է Ղարաբաղի շուրջ «հիմնարար սկզբունքները»

Բաքուն բացահայտել է Ղարաբաղի շուրջ «հիմնարար սկզբունքները»

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնարարականով` երկրների ԱԳ նախարարները վերամշակում են Սոչիի հանդիպումից հետո դեռևս չհամաձայնեցված մնացած դրվագները:

Նրա խոսքով` եթե նախագահները հավանություն տան առաջարկին, այն կներկայացվի Կազանում կայանալիք հանդիպմանը: «Հիմնարար սկզբունքները համաձայնեցված են, բայց որոշ մանրամասներ են մնացել»,- նախարարի խոսքերն է փոխանցում «Գոլոս Ամերիկի» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Մամեդյարովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցումից հետո կմեկնարկի «մեծ խախաղ համաձայնության» աշխատանքը:

«Չպետք է այնպես ստացվի, որ համաձայնեցվեն սկզբունքները, բայց 6-12 ամիս անց խաղաղ համաձայնագիրը ստորագրվի».- ասել է Մամեդյարովը:

Ըստ նրա` հիմնարար սկզբունքների մեջ են մտնում «ադրբեջանցի փախստականների և բռնի վերաբնակեցվածների վերադարձը իրենց հողեր, հաղորդակցության, սահմանների, ճանապարհների բացումը, խաղաղարար խմբերի տեղակայումը»:

Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ «քանի որ սկզբունքները բոլորին հայտնի են, կարիք չկա դեռ երկար տարիներ աշխատել խաղաղ համաձայնության ամեն մի կետի վրա, քանի որ այն հիմնված է հիմնարար սկզբունքների վրա»: