Հունիսի 14-ից հունիսի 30-ը Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում անցկացվելու է Նարինե Զոլյանի «Նարինե Զոլյան/Ֆրագմենտներ. վերանայում կամ անվերջ վերամարմնավորում» ցուցահանդեսը:
«…Ի վերջո, որտե՞ղ է անցնում Իրականի և Երևակայականի միջև սահմանը, ո՞վ է հետադարձ հաշիվը պահում, ո՞վ է ընթերցում, ո՞վ է համադրում, և ո՞վ է վերստուգում: Հեղինակի մահն ընդամենը պոստմոդեռնիստական հնարք է, սիմուլյակր…Տեքստի բազմակողմանիությունը չի բացառում և’ հեղինակության, և’ համահեղինակության հնարավորությունն ընթերցման բազմակողմանիության մեջ` տվյալ դեպքում ցուցահանդեսի տեսքով իմ ստեղծագործական կենսագրության ընթերցման», – ցուցահանդեսի մասին իր տեքստում գրում է Նարինե Զոլյանը:
Ցուցահանդեսի համադրող Սեդա Շեկոյանը նշում է, որ Նարինե Զոլյանն իր անհատական նախագիծն է անում ՆՓԱԿ-ում` դրանից հետո Հայաստանից գնալու անթաքույց մտադրությամբ:
«Երբ անում ես նախագիծ մի դաշտում, որը լքելու մասին նախապես գիտես, վիճակը, որ ստեղծվում է, կարելի է անվանել «վերաքննություն լքվելիք դպրոցում» կամ «լինում է, չի լինում»: Նախագիծը, որն իրականանում է լքվելիք տարածքում, ո՛չ լինում է այդ տարածքում, ո՛չ էլ այն տարածքում, որտեղ պատրաստվում է տեղափոխվել արվեստագետը: Այն մնում է օդում կամ փոշիանում է վերաքննութjան` որպես ակտի հաջորդ իսկ պահին: Կարելի է թույլ չտալ փոշիացող ակտերի շարանը` արվեստաբանական միջամտությունների և պահպանողական ներկայացումների միջոցով, բայց ինչ-որ բան թույլ չտալու կամ փոշիացող ակտը խափանելու համար պետք է ունենալ բավարար պատճառներ… Արտիստն իր քննությունները, սերտած-չսերտած դասերը հանձնել է գլխավորապես մի վայրում, իսկ վերաքննությունը` մեկ այլ: Նարինե Զոլյանն իր նախագծերի նշանակալի մասն իրագործել է «Հայաստան-Դպրոց»-ից դուրս` Մոսկվայում: Եթե երբևէ Նարինե Զոլյանի համար արվեստը եղել է պարզապես կենսաձև, ապա նա բավական երկար է արվեստի դաշտում, որպեսզի այն նրա համար դառնա պատվի կամ արժանապատվության հարց, ինչի համար էլ նա նախագիծ է անում լքվելիք տարածքում: Հակառակ ընթացքը` պատվի հարցից դեպի գոյության միջոց, ավելի նախընտրելի է և պակաս ցավոտ», – գրում է Շեկոյանը: