Home / Հայաստան / Արգելել խորհրդային սիմվոլիկան. արդյո՞ք Հայաստանին նման օրենք է հարկավոր

Արգելել խորհրդային սիմվոլիկան. արդյո՞ք Հայաստանին նման օրենք է հարկավոր

«Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խումբն իր հերթական նիստում քննարկեց Վրաստանում ընդունված գաղտնազերծության /լյուստրացիայի/ և խորհրդային սիմվոլիկայի արգելման մասին օրենքը` Հայաստանում համանման օրենք ընդունելու ցանկալիության տեսակետից:

Ճարտարապետ, հրապարակախոս Սամվել Փարթամյանը հետևյալ հարցադրումն արեց՝ «հաճախակի տարբեր, այդ թվում `մեր իշխանություններից կարելի է լսել` «մենք պատասխանատվություն ենք ստանձնում…», որից հետո, իբրև օրենք, ոչ մի գործողություն չի հետևում. հիմա լյուստրացիան՝ վերաբերվու՞մ է արդյոք բոլոր եղած իշխանությունների հանցանքներին ու զանցանքներին, թե՞ բացառապես միայն սովետական, քանի որ, դատապարտելով մի երևույթը և պատիժ սահմանելով դա կատարածներին, դու նաև պարտավորվում ես, որ ինքդ ոչ մի դեպքում դա չես անելու: Հենց այդ վստահությունը թե’ Վրաստանի, թե’ Հայաստանի դեպքում չի զգացվում»:

Հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը գտնում է, որ բացահայտումը կարող է լինել միայն կամավոր, այն է` ինքնաբացահայտում, քրիստոնեական խոստովանանքի սկզբունքով, այն չպետք է լինի բռնի: Նա ավելացրեց նաև, որ մարդիկ մեծամասնությամբ ենթարկվում են գործող նորմերին, և բռնապետությունից ժողովրդավարությանն անցնելու դեպքում արդեն պարզապես կարիք չկա լինել մատնիչ, մատնիչը վերանում է իբրև այդպիսին, իսկ անցյալում գործած մեղքերը պետք է դիտարկել իբրև անհատական խղճի հարց:

Արվեստագետ Արևիկ Արևշատյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Վրաստանում, ըստ էության, չկա ու չկար մոդեռնիստական պրոյեկտ, եթե մեզ մոտ կա պայքար կրոնական սակրալացման դեմ` հանուն մոդեռնիստական մոտեցումների պահպանումն ու շարունակումը, ապա Վրաստանում մոդեռնիզմը դիտվել ու դիտվում է իբրև թշնամական, օտարածին երևույթ, ինչով և պայմանավորված է վրաց հասարակության ընդվզումը սովետական, մոդեռնիստական սիմվոլիկայի դեմ: Նաև՝ վրացիները ունեն Ստալինի հետ կապված ինքնության խնդիր, դրա համար էլ ընդունել են այսպիսի կոշտ օրենք, որպեսզի խզում իրականացնեն սպեցիֆիկ վրացական ստալինապաշտության հետ:

ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը շեշտել է այն հանգամանքը, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ հատկապես Հայաստանում կոմունիստական իշխանությունները հեռացել են խաղաղ, բռնությանը չեն դիմել, դրա համար իրենց նկատմամբ վրեժխնդիր այժմ լինելը այնքան էլ ակտուալ չէ: Մյուս կողմից, ՊԱԿ-ի նախկին գործակալները այժմ հաճախակի կարող են հանդիսանալ օտար երկրի գործակալ, և իրենց բացահայտումը ու չեզոքացումը դրա համար դերևս ակտուալ է: Միաժամանակ, ժողովրդավարության հաստատմանը զուգահեռ՝ ցանկացած գործակալների ազդեցությունը ինքնաբերաբար նվազում է:

Արվեստագետ, հրապարակախոս Արման Գրիգորյանը նկատել է, որ Վրաստանի կողմից այդ օրենքի ընդունումը պետք է դիտվի իբրև պատերազմական ակտ Ռուսաստանի դեմ, ինչը արդարացված է, քանի որ, իրոք, նա գտնվում է պատերազմի մեջ: Հայաստանը, սակայն, չի գտնվում:  Ինչ վերաբերում է սովետական սիմվոլիկային՝ ապա այն հնարավոր է ազատել բռնապետական իմաստից, որն իրեն հաղորդել է Ստալինը, և վերադարձնել սկզբնական՝ աշխատավորների պայքարի խորհրդանիշ հանդիսանալու իմաստը:

«Կոմունիզմը, սոցիալիզմը իրենց էական հատկանիշներով անբաժան են ժողովրդավարական սկզբունքներից և անընդհատ արտահայտվում են մեր կյանքում, այսինքն՝ Ղարաբաղի ինքնորոշման պաշտպանությունը, օրինակ, մեր կողմից կոմունիստական քայլ է, իսկ գրավյալ տարածքները պետք է իսկապես ազատագրվեն վերջապես, այնտեղ պետք է հայտարարվի ավտոնոմիա, բոլոր ազգությունների ազատ մարդիկ կարողանան ապրել և կայացնել հասարակություն, կամ հասարակություններ»:

Արվեստագետ Կարեն Անդրեասյանը հայտնեց այն միտքը, որ 1921 թվականին իրականում վերջացավ սովետական իշխանությունը, իբրև իսկապես՝ Սովետների, ինքնակազմակերպվող իշխանությունների ժամանակաշրջան: Եթե դա շարունակվեր, զարգանար, մենք այսօր կունենայինք ուղղակի ժողովրդավարություն, այլ ոչ թե ներկայացուցչական, կենտրոնացված: Ուրեմն՝ ցանկացած լյուստրացիա, որը վերաբերվում է ընդամենը իշխանությունների մաքրմանը, այլ ոչ թե՝ իշխանություններ ձևավորելու սկզբունքին, ոչ մի իմաստ չունի:

Հրապարակախոս Արա Նեդոլյանը նշել է, որ ինքը համակրանքով է վերաբերվում նման բարոյական գնահատական տվող օրենքներին, ինչպիսինն էին, օրինակ, «Նյուրնբերգյան», նացիզմի դատապարտմանը ուղղված օրենքները, սակայն վրացական օրենքը շատ կոպիտ է, հասկացողությունները խառնող, պոպուլիստական: Նեդոլյանն ասել է, որ ինքը կցանկանար մի օրենք, որտեղ` ա/ կդատապարտվեր «պետական /կամ «ազգային»/ անվտանգություն» հասկացությունը որպես այդպիսին, քանի որ այն իշխանությանը հաղորդում է հակաժողովրդական, սակրալ բնույթ և ստեղծում է ծառայություններ և մարդկանց շերտեր, որոնք իրենց համարում են օրենքից վեր, առաջնորդվում են «վերին նպատակահարմարությամբ», որը հենց իրենք էլ սահմանում են, թե ինչ է և բ/ դատապարտվեր սովետական իրականությունում սոցիալիզմի, կոմունիզմի, ազատության, արդարության եզրերի աղավաղումը և նենգափոխումը, և հավատարմություն հայտնվեր այդ իմաստներին հավատարիմ և հետամուտ լինելը, կամ՝ նման հետամուտության անվերապահ ազատությունն ու օրինականությունը:

Լրագրող Հրայր Մանուկյանը համարել է, որ Հայաստանին նման օրենք անհրաժեշտ է, քանի որ՝ տարածված է դեռևս դրական վերաբերմունք բռնապետության, ստալինիզմի նկատմամբ, դեմոկրատական կարգերը դեռ դրանից վեր չեն դասվում, և հարկավոր է կտրուկ ու մեկընդմիշտ լուծել այդ հարցը, հենց օրենքի ուժով:

Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը նշել է, որ վրացական օրենքի հեղինակները ընկնում են բացահայտումների, դատապարտումների, մերկացումների հետևից, դրանով հնարավոր է միայն թշնամանք ստեղծել մարդկանց միջև, հերթական անպտուղ պատերազմ անցյալի հետ, հաշիվների մաքրում, բայց ոչինչ չեն ասում նրա մասին, թե ինչ կանոններ են ձևակերպելու ապագայի համար, որոնք են լինելու այն ամենը չկրկնելու երաշխիքները, համակարգային նոր հիմքերը, արժեքները ու օրենքները:

Տեքստը` Արա Նեդոլյանի