Հունիսի 12-ին Մոսկվայի «Լոկոմոտիվ» մարզադաշտում «Բարության դրոշի ներքո» բարեգործական ակցիայի շրջանակներում ֆուտբոլային հանդիպում տեղի կունենա «Քաղաքականության և էստրադայի աստղերի» և ՈՒՀԱ-ի «Բոլոր ժամանակների աստղերը» թիմերի միջև:
«Քաղաքականության և էստրադայի աստղերի» թիմի կազմում են, մասնավորապես, ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, լեգենդար հոկեյիստ Վյաչեսլավ Ֆետիսովը, Արտակարգ Իրավիճակների ծառայության ղեկավար Սերգեյ Շոյգուն, դերասան Դմիտրի Խառատյանը, գեղասահորդ Իլյա Ավերբուխը, դերասան Մարատ Բաշարովը, դաշնակահար Դենիս Մացուևը, «Uma2rmaH» խմբի կիթառահար Սերգեյ Կրիստովսկին:
«ՈՒՀԱ-ի հավաքականի» կազմում հանդես կգան ՈՒՀԱ-ի վետերաններ Ալեքսանդր Ռևան և Միխայիլ Գալուստյանը («Утомленные солнцем»), Գարիկ Մարտիրոսյանը («Նոր հայեր»), Վիկտոր Վասիլևը (Սանկտ Պետերբուրգի թիմ) և այլք:
Ակցիայի նպատակը թանկ բուժման կարիք ունեցող և ծանր հիվանդություններով տառապող երեխաներին, ինչպես նաև որբ երեխաներին օգնելն է: Նպատակների մեջ է մտնում նաև հասարակության և բիզնեսի ուշադրությունը մանկական առողջապահությանը հրավիրելը, սպորտի և առողջ ապրելակերպի քարոզչությունը, ասված է միջոցառման մամլո հաղորդագրության մեջ: