Դովիլում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից հնչեցված հայտարարություններից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարելիք առաջիկա այցելությունը ոչ մի իմաստ չունի, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:
«Երեք երկրների նախագահների հայտարարությունը բացարձակ բնույթ ուներ: Նրանք կոչ արեցին կողմերին ամենաարագ ժամկետներում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Եվ ի՞նչ նոր բան կա դրանում: 1998 թվականին ԱՄՆ-ում Բիլ Քլինթոնը, Բորիս Ելցինը և Ժակ Շիրակը հայտարարեցին, որ հաջորդ տարի ղարաբաղյան հակամարտությունը լուծված կլինի: 13 տարի է անցել, ու ամեն ինչ նույնն է»,- ասել է նա:
Գուլուզադեի խոսքով, դատելով քաղաքական իրավիճակից, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ոչինչ չի կարող տեղի ունենալ:
Ինչ վերաբերում է կոչերին, ապա, ինչպես ասել է Գուլուզադեն, այդպիսի հայտարարություններ եղել են, և դեռ շատ կլինեն: «Մի ժամանակ`1997 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանը և Հեյդար Ալիևը համատեղ լավատեսական հայտարարությամբ հանդես եկան: Այնուհետև 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունը և Հայաստանը պատրաստ է ազատել Ադրբեջանի 7 օկուպացրած տարածքները: Այդ արտահայտության համար նա վճարեց իր աշխատատեղով, քանի որ նրան Հայաստանի նախագահի պաշտոնում Մոսկվան էր նշանակել: Եվ դեռ ոչինչ չի փոխվել»,- նշել է քաղաքագետը:
Նա ընդգծել է այն հանգամանքը, որ չի փոխվել Ռուսաստանի դիրքորոշումը, չի փոխվել ԱՄՆ-ի վերաբերմունքը Կովկասին: «Ամերիկացիների կտիրանան Կովկասին, բայց ոչ հիմա»,-ընդգծել է նա:
Դիվանագետը նշել է, որ Կազանում կայանալիք եռակողմ հանդիպմանը նույնպես ոչ մի էական հայտարարություն չի արվի:
«Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը աղաչելու է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, որպեսզի վերջիններս հանուն իր առողջության ստորագրեն հայտարարություն այն մասին, որ առաջիկայում կլուծեն այդ խնդիրը»,- հայտարարել է Գուլուզադեն: