Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեքշաբթի շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունը ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները այսօր դատարանին միջնորդություն ներկայացրին որպես վկա դատարան հրավիրել «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի և թերթում հրապարակված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» վերնագրով վիճահարույց հոդվածի հեղինակ, լրագրող Լուսինե Պետրոսյանին:
Ըստ Քոչարյանի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանի` կորպորատիվ կառավարման գրված և չգրված կանոններով խմբագիրն անմիջական պատասխանատվություն է կրում իր թերթում հրապարակված տեղեկությունների ճշմարտացիության համար: Ինչ վերաբերում է լրագրողին դատարան հրավիրելուն, ապա նա հայտարարեց. «Լրագրողը ուղղակիորեն թղթին է տվել իր մտքերը, արել է համապատասխան հայտարարություններ: Մեկնաբանությունն էլ փաստ է, և մենք կարծում ենք, որ վկային հրավիրելուց հետո փաստերը և հայտարարությունները հաստատելու կամ հերքելու հնարավորություն կունենանք` արդարադատութունը իրականացնելու նպատակով փորձելով առաջին ձեռքից մեկնաբանություն ստանալ կամ որևէ տեսակի մերժում, եթե դրանք գոյություն ունեն»:
Քոչարյանի փաստաբանները հատկապես վիրավորական են համարում հոդվածում տեղ գտած հետևյալ պարբերությունը. «Իսկ Քոչարյանը որքան էլ առանձնանում է գավառականությամբ, արյունռուշտությամբ, առանձնակի փայլուն անմտությամբ` ուղղակի մտածում ես` ՀՀ նախագահի աթոռում թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ ոչ»:
Քոչարյանի փաստաբաններն այսօր հայտարարեցին, թե հոդվածում տեղ գտած մի շարք որակումների բառարանային բացատրություններն են վեր հանել եւ խնդրելու են վկաներին պարզաբանել, թե որ իմաստով են օգտագործել, օրինակ, անմտություն կամ արյունռուշտ բառերը:
«Հրապարակ»-ի փաստաբան Արա Զոհրաբյանը առարկեց միջնորդությանը: Նա պնդեց, որ դրանք փաստեր չեն և հետևաբար ենթակա չեն ապացուցման:
Դատարանը այս միջնորդության քննարկումը հետաձգեց մինչև փաստերի քննության փուլին հասնելը:
Արա Զոհրաբյանի հարցին, թե հնարավո՞ր համարում են Ռոբերտ Քոչարյանին ևս որպես վկա դատարան հրավիրելը, երկրորդ նախագահի փաստաբանն արձագանքեց, թե իրենք կպատասխանեն նման միջնորդություն ներկայացնելու դեպքում:
Դատավոր Էդիկ Ավետիսյանը կողմերից ճշտեց, թե արդյո՞ք հաշտության եզրեր տեսնում են: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հաշտվելու միակ հիմքը համարում են հերքումը:
«Հրապարակ»-ի փաստաբանը հայտարարեց, որ այդ հարցը կքննարկի իր վստահորդի հետ:
Ռոբերտ Քոչարյանը դատարանում պահանջում է թերթից հերքել հրապարակված տեղեկությունները եւ փոխհատուցել 6 միլիոն դրամ, որից 3 միլիոնը՝ զրպարտության և վիրավորանքի, իսկ մյուս 3 միլիոնը՝ փաստաբանական ծառայությունների վճարի դիմաց։