«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը պետք է գիտակցի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր թույլ տված հայտարարությունների համար պատասխանատվությունը: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
«Ալեքսեյ Վենեդիկտովը անկախ լրատվական գործակալության տերն է և ազատ է ասել այն, ինչ ցանկանում է: Սակայն նա պետք է հասկանա, որ իր հայտարարությունները կապված են որոշակի պատասխանատվության հետ և չպետք է խախտեն այլոց իրավունքները», – ասել է Դորոխինը` մեկնաբանելով Վենեդիկտովի հայտարարությունն իր տեղակալ Սերգեյ Բունտմանի` Ղարաբաղ կատարած այցի մասին, որից հետո վերջինս հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»:
Վենեդիկտովը պետք է իմանա, որ նման հայտարարությունները միշտ հետևանքներ են ունենում», – Դորոխինի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս Ազերբայջան»-ը:
Այս առումով դեսպանը սատարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի գործողությունները: «Ադրբեջանի ԱԳՆ-ն իր տարածք մուտք գործել թույլ տալու կամ չտալու իրավունք ունի: Այս հարցը բանավեճի առարկա չէ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Սերգեյ Բունտմանի վրա տարածվող Ադրբեջան մեկնելու արգելքը մեկնաբանելով` Ալեքսեյ Վենեդիկտովը նշել էր, որ «Էխո Մոսկվաի»-ի աշխատակիցները շարունակելու են մեկնել այնտեղ, որտեղ կուղարկի իրենց գլխավոր խմբագիրը, և ոչ թե այնտեղ, որտեղ որոշում է մեկ այլ պետության ԱԳ նախարարությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը, մեկնաբանելով Բունտմանի այցը Ղարաբաղ, որտեղ վերջինս հարցազրույց էր վերցնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից, հայտարարել էր.
«Ադրբեջանի օկուպացված տարածքներ Բունտմանի ապօրինի այցելության կապակցությամբ Ռուսաստանում մեր երկրի դեսպանատանը կարգադրություն է տրվել մեր բողոքը հայտնել, ինչպես նաև «Էխո Մոսկվի»-ի ղեկավարությանը հասցնել Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը: Ինքը` Բունտմանը, արդեն համալրել է այն անձանց ցուցակը, ում մուտքն Ադրբեջան չափազանց անցանկալի է»: