ԱՄՆ Կոլորադո նահանգի Ընդհանուր ժողովը 2011թ. նստաշրջանի ընթացքում ընդունել է Սենատի 11-035 միացյալ բանաձևն ապրիլի 24-ն այսուհետ «Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հայտարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը:
Նշելով, որ այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության
96-րդ տարելիցը` փաստաթղթում կոչ է արվում Թուրքիային հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, փոխհատուցել քրիստոնեական ավերված եկեղեցիների, վանքերի, դպրոցների, հուշարձանների, սրբավայրերի և կրոնական այլ ունեցվածքի համար, թույլ տալ քրիստոնեական եկեղեցիների և այդ ունեցվածքի օրինական տերերին պահպանել, վերակառուցել և վերականգնել այդ ունեցվածքը, ինչպես նաև թույլ տալ ազատորեն և առանց խոչընդոտների կամ սահմանափակումների կազմակերպել աղոթքներ, պաշտամունքի, կրթական, կրոնական համայնքների հավաքներ:
Փաստաթղթի պատճեններ են ուղարկվել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, Կոլորադոյի Կոնգրեսական պատվիրակության անդամներին, Կոլորադոյի նահանգապետին, Վաշինգտոնում Հայաստանի և Թուրքիայի դեսպանություններին, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: