Home / Հայաստան / Գյումրիում փորձում են թույլ չտալ Երևան տեղափոխել Մինասի որմնանկարը

Գյումրիում փորձում են թույլ չտալ Երևան տեղափոխել Մինասի որմնանկարը

Այսօր Գյումրու «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներն են ընթանում, որից հետո որմնանկարը նախատեսվում է տեղափոխել Երևան:

Ինչպես հաղորդում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, մի խումբ գյումրեցիներ, այդ թվում` քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ, փորձում են ևս մեկ քայլ անել որմնանկարները Գյումրիից տեղափոխումը թույլ չտալու համար:

Շիրակ կենտրոն ՀԿ-ն տարածած հաղորդագրության մեջ կոչ է անում բոլոր գյումրեցիներին այս պահին գնալ «Գալվանոմետր» գործարան և թույլ չտալ որմնանկարները Գյումրիից տեղափոխել:

Նշենք, որ հասարակական կազմակերպությունը նաև նամակով դիմել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

«Ի կատարումն ՀՀ կառավարության 2011 թ  ապրիլի 28-ի որոշման «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարների վերականգնման և տեղափոխման հետ կապված ստեղծված հասարակական կարծիքը, բանակցությունները մշակույթի նախարարի, ինչպես նաև պարոն Էրնեկյանի աշխատակազմի հետ և Գյումրու շուրջ 1000 մտավորականների  առաջարկությունները հաշվի առնելով` խնդրում ենք Ձեր միջնորդությունը աշխատանքային խմբին վերականգնողական աշխատանքների բոլոր փուլերը իրականացնել Գյումրիում, որին կմասնակցեն նաև գյումրեցի ուսանողներ:

Ձեր հանձնարարականը աշխատանքային խմբին «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամին և վերականգնողական աշխատանքները կատարող խմբին հնարավորություն կտա հասարակական քննարկումների միջոցով վիճահարույց խնդիրը մտցնել բնականոն հուն: Տեխնիկական խնդիրների և վերականգնողական աշխատանքները չխոչընդոտելու պարտականությունները վերցնում ենք մեզ վրա», – ասված է «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նամակի մեջ, որի տակ ստորագրել են Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների և շարժական արժեքների պահպանության հանձնախմբի անդամները`Գարիկ Մանուկյան, Համբարձում Ղուկասյան, Հասմիկ Մելքոնյան, Արթուր Գևորգյան: