Վերջին շրջանում ամերիկյան Ատլանտիկ Սիթիում գտնվող Tropicana Casino & Resort խաղատունը 11 միլիոն դոլարից ավել է կորցրել` տանուլ տալով այդ գումարն ընդամենը 2 մարդու: Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը:
Ապրիլի վերջին կազիզնոյի այցելուներից մեկը` Դոն Ջոնսոնը, 5,8 միլիոն դոլար է շահել բելք-ջեքով, իսկ անցյալ շաբաթ ևս մեկ խաղացող, ում անունը չի հրապարակվում շահել է 5,3 միլիոն դոլար:
Ուշագրավ է այն փաստը, որ Դոն Ջոնսոնը ապրիլի ընթացքում 4,2 միլիոն է շահել Ատլանտիկ Սիթի Caesars Atlantic City կազինոյում, ինչպես նաև 5 միլիոն դոլար նույն քաղաքի Borgata Hotel Casino & Spa-ում: Ընդհանուր առմամբ, նա 15 միլիոն դոլար է շահել:
Խաղատան ներկայացուցիչների հաղորդմամբ, Tropicana Casino & Resort-ում 5,3 միլիոն շահած անհայտ անձը 150,000 դոլար թեյավճար է թողել խաղատան դիլերներին:
«Երբեմն նման բաներ պատահում են, եթե մեծ խաղադրույք ես դնում, կարող ես նաև շատ շահել», – հայտարարել է Tropicana Casino & Resort-ի գործադիր տնօրեն Տոնի Ռոդիոն` մեկնաբանելով կարճ ժամանակում խաղատան կրած աննախադեպ կորուստները:
Նա նշել է, որ իրենց քաղաքականության մեջ է մտնում ամենաբարձր խաղադրույքներ թույլ տալը, և անգամ նման կորուստներից հետո խաղատունը չի պատրաստվում փոխել ռազմավարությունը: