Երեկ կեսօրին Երևանում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը հերթական անգամ ապացուցեցին, որ ինչքան էլ իշխանությունները հայտարարում են, թե իրենք աշխատանքներ են կատարել փողոցների ջրահեռացման ուղղությամբ, փաստը հուշում է, որ նրանց խոսքը տարբերվում է գործից, գրում է «Առավոտ» օրաթերթը:
«Դժվարանցանելի էին դարձել մայրաքաղաքի Հալաբյան, Լենինգրադյան, Շինարարների, Ռուբինյանց փողոցներն ու Ազատության և Հերացի պողոտաները: Չէր գործում անգամ իշխանությունների կողմից մեծ շուքով բացված Խանջյան փողոցի թունելների ջրահեռացման համակարգը: Իսկ Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող գլխավոր փողոցում հսկայական լիճ էր գոյացել, և ավտոմեքենաները մնացել էին ջրի մեջ: Այստեղ վարորդներին օգնության էր հասել աղբատար ավտոմեքենան, որը պարանի օգնությամբ մեքենաները հատ-հատ դուրս էր բերում ջրից»: