2009-ի նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ՌԴ-ից ստացած 500 մլն դոլար վարկից «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվին տրամադրել 500 հազ. դոլար վարկի բյուջետային երաշխիք, որով ավարտին պետք է հասցվեր Երևանի Չաուշի 14/3 հասցեի բազմաբնակարան շենքի կառուցումը: «Հայկական ժամանակ» օրաթերթը հիշեցնում է, որ որոշումն ընդունելուց հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր.
«Սա այն որոշումներից է, որն արժանանում է մեր ընդդիմախոսների քննադատությանը, թե Հայաստանի կառավարությունը օժանդակում է կառուցապատողներին: Կարծես թե կառուցապատողները մեր ազգի թշնամիներն են»:
«Երկու տարի է անցել, բայց նշված շենքն այդպես էլ ավարտին չի հասցվել: Ավելին`«Նորաշեն-2007»-ի նախագահ Արմեն Թադևոսյանն այս տարվա մարտից կալանավորված է և մեղադրվում է խարդախությամբ բազմաթիվ անձանց գույքը հափշտակելու մեջ: 70-ից ավելի ընտանիքների գումարներ փոշիացել են, քանի որ մարդիկ, նաև հաշվի առնելով ՀՀ վարչապետի հրապարակային երաշխավորությունը, վստահել են «Նորաշեն-2007»-ի ղեկավարությանը: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, Տիգրան Սարգսյանն իր հայտարարություններով նպաստել է մի քանի տասնյակ ընտանիքների ունեզրկումը», – գրում է օրաթերթը: