Մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխություններն ազդում են սրտանոթային և արյան ճնշում ունեցող հիվանդների վրա, Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման բաժնի պետ Նունե Բակունցը:
«Եթե տատանումները լինեն աստիճանաբար, ապա հիվանդների մոտ առողջության սրացում չի նկատվի: Սակայն այս իրավիճակում սրտանոթային և արյան ճնշում ունեցողները պետք է ժամանակին խմեն իրենց դեղերը և թուլացնեն ծանրաբեռնվածությունը»,- նշել է Նունե Բակունցը:
«Օդը մի պահ կանգնում է, շարժ չի լինում, և դա թթվածնի որոշակի պակաս է առաջացնում: Եվ եթե կան մարդիկ, ովքեր վատ են զգում այդ երևույթից, ուղղակի այդ ընթացքում պետք է դարձյալ թուլացնեն ծանրաբեռնվածությունը», – ասել է Բակունցը:
Նա անդրադարձել է նաև երեխաների` արգելված լողավազաններում լողալու խնդրին` նշելով, որ դեկորատիվ ջրամբարները, բաց լողավազանները, շատրվանները նախատեսված չեն լողալու համար և մարդու առողջության համար վտանգավոր են: