Ինքնասպանության դրդապատճառները շատ են, սակայն հոգեբանները հինգ հիմնական դրդապատճառ են առանձնացնում` կանչը, երբ մարդ ինքնասպանության է դիմում, որպեսզի իր վրա ուշադրություն դարձնեն, խուսափումը, երբ մարդուն որևէ պատիժ է սպասվում, ինքնապատիժը, մերժումը և ինքնամեղադրումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է ԵՊՀ պրոֆեսոր, հոգեբան Էլդա Գրինը:
Նրա խոսքով` ինքնասպանության պատճառներից է նաև մարդկանց սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, իսկ Հայաստանում, հոգեբանի խոսքով, բնակչության կեսը չի աշխատում: Մեջբերելով զարգացած երկրների փորձը` Գրինը նշել է, որ այդ երկրներում պատրաստում են այնքան մասնագետ, որքանի պահանջը կա, իսկ հայաստանյան բոլոր բուհերում պատրաստում են, օրինակ, հոգեբանների, սակայն «նրանց հետո չես գտնում»:
Հոգեբանն անդրադարձել է հայկական բանակում ինքնասպանության դեպքերին` տեղեկացնելով մեկ միջադեպի մասին, երբ բարձրագույն կրթությամբ, բավական բարձր ինտելեկտ ունեցող և դաստիարակված լեյտատենանտին դրդել են ինքնասպանության` թքելով նրա վրա: «Մարդը, որը գնում է բանակ, պիտի հայրենասիրության զգացում ունենա: Բայց այդ վեհ զգացումն այսօր բացակայում է, և զինվորները գնում են ծառայելու, քանի որ հնարավոր չէ խուսափել, ստիպված են գնում»,- ասել է Էլդա Գրինը:
Ինչ վերաբերում է բանակում գրանցվող սպանություններին, ապա, հոգեբանի խոսքով, «ցավալի է, որ պատերազմ չկա, իսկ զինովորին մահացած ետ են բերում»: Նա հիշել է Խորհրդային Միության ժամանակները, երբ միմյանց հետ ծառայում էին տարբեր ազգությունների մարդիկ, տարվա մեջ անգամ մեկ զինվորի մահն արդեն իսկ նոնսենս էր, «իսկ հիմա հայերն են իրար սպանում»: