Home / Հայաստան / ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պատմել են Ադրբեջանի հակահայկական քայլերի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պատմել են Ադրբեջանի հակահայկական քայլերի մասին

Հունիսի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը Ադրբեջանի` ՄԱԿ-ում ձեռնարկած հակահայկական քայլերի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Դեսպան Նազարյանը կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քարոզչության վրա:

Գլխավոր քարտուղարին ուղղված գրության մեջ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգի կարևորության ֆոնի ներքո իսկապես հիասթափեցնող է այն փաստը, որը Ադրբեջանը շարունակում է չարաշահել իր` ՄԱԿ անդամ-պետություն լինելու հանգամանքը` օգտագործելով ցանկացած հնարավորություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ապատեղեկատվական քարոզչություն տարածելու համար:

Ընդգծելով, որ Ադրբեջանում անգամ ամենաբարձր մակարդակով անուշադրության են մատնվում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող նախագահի, Մինկի խմբի համանախագահող երկրների և Եվրոպական Միության ղեկավարների կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդման և շփման գծում դիպուկահարների ետքաշման վերաբերյալ հայտարարությունները` դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանն անհիմն և սադրիչ նամակներ տարածելու փոխարեն իր ուշադրությունը կկենտրոնացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վրա:

Կարեն Նազարյանն ամփոփում է իր նամակը` նշելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ինչն էլ բազմիցս ապացուցել է գործնական քայլերով: