Ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել թոշակի անցած էլեկտրանության տեխնիկի և նրա կնոջ նկատմամբ իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի 271 նկարներն իրենց ավտոտնակում թաքցնելու համար:
71-ամյա Պյեր Լե Գենեկը բերման է ենթարկվել իր կնոջ հետ, երբ նա դիմել էր փորձագետներին` խնդրելով հաստատել իսպանացի նկարչի գործերի իսկությունը:
Լե Գենեկը նկարներն իր ավտոտնակում էր պահել շուրջ 40 տարի, հայտնում է Le Monde պարբերականը:
Տեղի դատախազի գրասենյակը հրաժարվել է այս տեղեկությունների վերաբերյալ որևէ պարզաբանում անել, իսկ Լե Գենեկը կամ նրա փաստաբանը անհասանելի են եղել ֆրանսիացի լրատվամիջոցների համար:
Le Monde-ի տեղեկությունների համաձայն, Լե Գենեկը պնդում է, որ Պիկասոն և նրա կինն ու մուսան` Ժակլինը, անձամբ են իրեն նվիրել այդ աշխատանքները, երբ ինքն աշխատում էր ֆրանսիական Մուժենում գտնվող նրանց ագարակում:
Փորձագետները այդուհանդերձ պարզել են, որ հայտնաբերված նկարների մեջ կան այնպիսի գործեր, որոնք ժամանակին անհետացել են այլ վայրերից: Ոստիկանությունը առգրավել է նկարները և մեղադրել զույգին գողացված արվեստի գործերը թաքցնելու մեջ: