Քուվեյթի դատարանը մահապատժի է դատապարտել հարսանեկան վրանը հրդեհած և արդյունքում 57 կանանց և երեխաների մահվան պատճառ դարձած կնոջը, հայտնում է MIGnews.com-ը:
24-ամյա Նասրա ալ-Էնեզին մեղավոր է ճանաչվել հրդեհի և կանխամտածված սպանության մեջ, ինչը պայմանավորված է եղել 2009 թվականի օգոստոսին իր ամուսնու երկրորդ ամուսնությամբ:
Բացի մահացածներից, մոտ 80 հոգի տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել:
Ոչ ամուսինը, ոչ էլ նրա նոր կինը հրդեհի ժամանակ վրանում չեն եղել: Համաձայն Քուվեյթի ավանդույթների` հարսանեկան արարողությունը տղամարդն ու կինն առանձին են նշում:
Մեղադրյալը սկզբում ասել է, որ ցանկանում էր վրեժ լուծել ամուսնուց նրա համար, որ նա ամուսնանում է ևս մեկ անգամ: Ավելի ուշ նա պնդել է, որ վիճել էր հարսի հետ, այնուհետև սկսել է հերքել բոլոր մեղադրանքները` պնդելով, որ ցուցմունք է տվել ճնշման տակ:
Կախաղանի միջոցով մահվան դատապարտելու վճիռը դեռ պետք է ստորագրի Քուվեյթի էմիրը:
Հիշեցնենք, որ իսլամը թույլ է տալիս տղամարդկանց մինչև 4 կին ունենալ: