Հունիսի 14-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Կոնգրեսի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես, ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության վերաբերյալ՝ շեշտելով, որ դրա օրակարգի հիմնական հարցը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև երկրում առկա համատարած կոռուպցիային, դատարանների անկախության բացակայությանն ու ազատ խոսքի, մասնավորապես էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա սահմանափակումներին, դրանց լուծումն ու հաղթահարումը դիտելով Հայաստանի ժողովրդավարացման որոշիչ նախապայման:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին և Կազանում սպասվող հնարավոր զարգացումներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեն, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: