Գորիս քաղաքում բնակվող 14-ամյա աղջիկը, ում հայրը մեղադրվում է նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ, որի հետևանքով աղջիկը հղիացել էր, նորմալ վիճակում է, նրա հղիությունն այս պահին ընդհատված է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հաղորդել է Գորիսի լրագրողների «Շառավիղ» ակումբի PR մասնագետ Իրինա Յոլյանը:
Նշենք, որ աղջկա հայրը այս պահի դրությամբ գտնվում է ազատության մեջ:
Epress.am-ի հետ զրույցում Գորիսի քննչական բաժնի պետ Սարմիկ Հարությունյանը ասել է, որ այժմ համալիր փորձաքննություն է իրականացվում:
«Հարուցվել է քրեական գործ ՔՕ 141 հոդվածի հիմքերով` սեռական ոտնձգություն: Փորձաքննությունը կլինի, եթե հայրն ա մեղավոր, կձերբակալվի»,- ասել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին Վ.Գ-ն հաղորդում է տվել, որ իր ամուսինը՝ 45-ամյա Վ.Տ.-ն, սեռական հարաբերություն է ունեցել դստեր՝ 14-ամյա Ա.Տ.-ի հետ, որի պատճառով վերջինս հղիացել է:
Հունիսի 10-ին դեպքին անդրադարձել է Գորիսի լրագրողների «Շառավիղ» ակումբը:
«Բուժզննության արդյունքում, երբ պարզվել է, որ 14-ամյա դեռահաս աղջիկը հղի է, ջրի երես է դուրս եկել նաև փաստը, որ սեփական հայրը ամիսներ շարունակ նրան ենթարկել է ֆիզիկական ու սեռական բռնության: Այս մասին աղջիկը պատմել է մորը, երբ վերջինս հարցրել է` ով է երեխայի հայրը: Վերջին ամիսներին տեղի ունեցող ծեծի, բռնությունների արդյունքում աղջկա վարքագծում տարօրինակ փոփոխություններ են նկատվել, կապտուկների պատճառով հաճախ է դպրոցից բացակայել», – նշել էր ակումբի բլոգում տպագրված հոդվածի հեղինակ Իրինա Յոլյանը:
Այժմ աղջկան և մորը համապատասխան օգնություն է ցուցաբերում Երևանի «Կանանց Ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն: Կենտրոնի փաստաբանն ու հոգեբանը աշխատում են աղջկա հետ: Երեխան առայժմ հիվանդանոցում է, կկատարվի դատագենետիկական փորձաքննություն, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա կտեղափոխվի Հայ օգնության ֆոնդ: