«Հայ Ազգային Կոնգրեսը ինչքան մաքրվում է` այնքան լավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վերջերս ստեղծված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մասին` ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ կուսակցությունը ղեկավարում է ՀՀՇ կուսակցության նախկին փոխնախագահ Խաչիկ Քոքոբելյանը: Լրագրողների հարցին, թե դա պառակտում չէ՞ ՀՀՇ-ում և արդյո՞ք դա չի ազդի Հայ Ազգային Կոնգրեսի վրա, Սասուն Միքայելյանն ասել է, որ ՀՀՇ-ն որևէ իմաստով չի պառակտվել, իսկ ՀԱԿ-ը դրանից ավելի կհզորանա:
Նշենք, որ ՀՀՇ վարչությունից դուրս գալու դիմում է գրել վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, ով մեկ տարի առաջ լքել էր կուսակցության ղեկավարի պաշտոնը: Նրա փոխարեն կուսակցության վարչության նախագահ էր ընտրվել Արամ Մանուկյանը:
«Երկար տարիներ մնալ մի կուսակցության մեջ ու հետո դուրս գալ այդ կուսակցությունից այն ժամանակ, երբ ընդդիմությունը վերելք է ապրում, չի կարելի»,-ասել է Միքայելյանը և հավելել է, որ դեռ հարց է, թե իրենք են ձևավորվել, թե ձևավորել են: