Ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող 30-ամյա Արման Ենգիբարյանը, ում վրա երեկ կրակել էին ոստիկանները, մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, հայտնում են ոստիկանությունից:
Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ հունիսի 14-ին իրենք ահազանգ են ստացել, որ անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը: Քանի որ այս տարվա ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում ջրմուղի աշխատակցի անվան տակ մի շարք ավազակային հարձակումներ էին կատարվել, մասնավորապես, երեքը՝ Կենտրոն, երկուսը՝ Մալաթիա-Սեբաստիա և մեկական դեպք՝ Ավան, Արաբկիր և Աջափնյակ համայնքներում, ոստիկանները կասկածեցին, որ հնարավոր է՝ վերջին դեպքը նույն շարքից է:
Ոստիկանության ծառայողներն անմիջապես մեկնելով ահազանգի հետքերով՝ հետապնդեցին ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողին, որը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կիրառեց իր մոտ եղած զենքը: Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոցից հետո վնասազերծեցին նրան:
Վերջինս տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվեց վիրահատության, սակայն գիտակցության չգալով՝ մահացավ: